Դալմայի այգիների հողօգտագործողները տարիներ առաջ առանց հիմնավորման զրկվել են իրենց հողերից և մինչ օրս պայքարում են իրենց իրավունքները վերականգնելու և կորցրած հողերի համար փոխհատուցում ստանալու համար:
«Արդեն 11 տարի այս նույն վիճակն է: Հանդիպում ենք խնդրում նախագահի, վարչապետի, քաղաքապետի հետ: Մեզ գրում են ՝ ձեր փոխհատուցման գործընթացը պիտի հաջողությամբ ավարտենք: Իսկ թե ինչ է դա նշանակում, չգիտենք։ Միգուցե իրենք արդեն ավարտել են, մենք տեղյակ չե՞նք»,- ասաց «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը մայիսի 23-ին, ՀՀ նախագահի նստավայրի մոտ անցկացվող ցույցի ժամանակ:
«2003 թվականից խլեցին ժողովրդից իրենց հողերը, բոլորին տվեցին սեփականություն, այս ժողովրդին չտվեցին, ասացին՝ Դալմայի այգիները պատմամշակութային հուշարձան է, չենք կարող տալ, հետո տվեցին օլիգարխներին: Հիմա իրենց կարելի էր տալ պատմամշակութային հուշարձանը սեփականություն, այս մարդկանց ո՞չ»,- հավելեց Ռուզաննա Ղազարյանը:
Նրա խոսքով՝ փոխհատուցում տվել են միայն մի մասին, իսկ մյուս մասին չեն տալիս: «Դա օրենքի խախտում է: «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» օրենք ունենք, որտեղ գրված է, որ եթե պետական մարմինները նույն հանգամանքներում մի քաղաքացուն արդեն մի վերաբերմունք են ցույց տվել, իրավունք չունեն մյուսին մերժել: Հիշեցնում ենք, բայց իրենց համար ոչ մի օրենք գոյություն չունի. Ո՛չ Սահմանադրություն, ո՛չ միջազգային կոնվենցիա, ո՛չ ՀՀ օրենքներ։ Դեռ համբերում ենք, չգիտենք մինչև երբ: Ամեն ուրբաթ մենք այստեղ կանգնում ենք և սպասում ենք, որ նախագան անցնի, գնա իր աշխատավայրը, և երևի նա չի տեսնում այս երկու մեծ կանաչ պաստառները, որ ինչ-որ մի քայլ անի»,- բողոքում էր Ռուզաննա Ղազարյանը:
Կարդացեք նաև
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ում էլ նամակ գրում են՝ ՀՀ նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, միևնույն է, պատասխանը ստանում են քաղաքապետարանից: «Նամակների պատասխան ստանում ենք քաղաքապետարանից՝ Զավեն Առաքելյանից (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ), կատարողն էլ Դավիթ Ազիզյանն է, բայց նամակը գրված է եղել ՀՀ նախագահին: Հոգնեցինք ասելով, որ մենք քաղաքապետի պատասխանը գիտենք, մեզ պետք է ձեր վերաբերմունքը այս ժողովրդի նկատմամբ: Միևնույն է, ոչ մի արդյունք: Սա այն խնդիրն է, որ միայն նախագան է ի վիճակի լուծել: Օրենքները խախտել են ժամանակին մեծամասշտաբ կերպով, և որպեսզի վերականգնեն այդ օրենքները, շատ մարդկանց պիտի ենթարկեն քրեական պատասխանատվության, բայց դա, բնականաբար, հնարավոր չէ անել մեր արդարադատության համակարգի շնորհիվ։ Մնում է, որ նախագահն՝ ինքը, կարգադրի, հանձնարարի, գոնե այս մարդկանց փոխհատուցումը տան»,- նշեց Ռուզաննա Ղազարյանը:
Ակցիայի անցկացման վայրում էր նաև քաղաքապետարանի աշխատակից Դավիթ Ազիզյանը, ով հրաժարվեց պատասխանել ԷկոԼուրի հարցերին՝ նշելով, որ հարցերի դեպքում դիմենք իրենց լրատվական բաժին: Նա միայն ասաց, որ տվյալ խնդրով իրենք զբաղվում են ընդամենը 3 տարի:
«Հիմա մնացել ենք 26 հոգի, փոխհատուցումը իրենց հաշվարկներով նախատեսում են 1 ք/մ մինչև 10 դոլար, իսկ իմ տարածքի գինը 1 ք/մ -ի համար 130-ից մինչև 180 դոլար է եղել”,- ասացին ակցիայի մասնակիցները:
«Իսակովի պողոտայի վրայի իմ 2000 ք/մ հողը հիմա Ռոբերտ Քոչարյանի անունով է: Քաղաքապետի 2008-2009 թթ. որոշմամբ իմ հողը հատկացրել են ՀՀ երկրորդ նախագահին, և հիմա այդտեղ ամառանոց է կառուցված»,- ասաց քաղաքացի Բենիկ Պալազյանը:
Մանրամասները կարող եք կարդալ ԷկոԼուր-ի կայքում