«ՕԵԿ-ի հետ կապված այնքան անհստակություն կա, որ դժվար է միանշանակ գնահատականներ հնչեցնել»,-Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս է գնահատում երեկ, կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ ՕԵԿ-ում զարգացած իրադարձությունները, նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ քվեարկությունից առաջ ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, որպեսզի «կողմ» քվեարկի կառավարության ծրագրին: Իսկ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ պատգամավորը պատճառաբանել է, որ ինքը գործարար է եւ չի կարող «դեմ» լինել կառավարության ծրագրին եւ նախատինքի ենթարկեց վարչապետին ու կառավարության անդամներին`մի քանի օր խորհրդարանի դահլիճում իրենց խաղացած թատրոնի համար:
Լյուդմիլա Սարգսյանը նկատում է, որ բոլոր այն պատգամավորները, ովքեր ՕԵԿ-ի կազմում են, ՕԵԿ են ընդգրկվել այն պատճառով, որ կուսակցությունն իշխանության է եղել: Հետո, պարզվեց, որ ՕԵԿ-ը լքում է կոալիցիան: «Այդ տրամադրությունները բոլոր պատգամավորներին փոխանցելն, իհարկե, շատ դժվար է: Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ շատ ավելի բարոյական է, երբ քո թիմը քաղաքական որոշում է կայացնում այս կամ այն դաշտում լինելու մասին, ապա բոլոր նրանք ովքեր համամիտ չեն այդ որոշման հետ, լքեն խմբակցությունը: Բայց այս դեպքում, խնդիր է առաջանում. եթե լքում են եւ մանդատը վայր չեն դնում, ապա ՕԵԿ-ին զրկում են մեկ պատգամավորական մանդատից: Այստեղ դժվար լուծումներ են լինելու եւ, կարծում եմ, նման որոշում կայացնելուց առաջ ՕԵԿ-ը պիտի գոնե հարցախույզ անցկացներ իր պատգամավորների եւ շարքերի մեջ: Տվյալ դեպքում, տպավորություն կա, որ ընդդիմություն դառնալու որոշումը կայացրել է Արթուր Բաղդասարյանը`մի քանի մարդկանց հետ համատեղ, ինչն էլ չի գոհացնում բոլորին: Ես կարծում եմ, որ այս կրքերը դեռ կշարունակվեն»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ