Իրենց քթից չդժգոհող երկու հոգի, հասնելով 2080 թվական, տեսնում են, որ բոլորն իրենց քիթը վիրահատել են, միայն իրենք են մնացել և տարբեր արկածների միջով անցնելով՝ այդպես էլ չեն հասկանում՝ արժե՞, որ իրենք էլ բոլորի նման վիրահատեն իրենց քիթը, թե՞ ոչ:
Սա «Քիթ-Cut» ներկայացման սյուժեն է, որն առաջին անգամ կբեմադրվի մայիսի 26-ին՝ Երևանի պետական կամերային թատրոնում:
«Եթե տվյալ երևույթը չի անհանգստացնում, իմաստ չունի նրան բեմ հանել,- ասում է ներկայացման բեմադրիչ, դերասան Կարապետ Բալյանը: Քիթն այստեղ հայի տեսակը, գենետիկան է խորհրդանշում, որը վերջին բանն է, որ մնացել է: Այսինքն՝ ամեն առումով հարմարվել ենք գլոբալիզացիային, մնացել է մի տարբերանշան, ու չգիտենք՝ վիրահատե՞լ, թե՞ չվիրահատե՞լ, այսինքն՝ գենն ամբողջովին կորցնե՞լ, թե՞ ոչ: Ներկայացման մեջ 2080 թվականի Հայաստանն է, և մենք մեր տեսակը կորցնելու վտանգի առջև ենք կանգնած»:
Դերասան Անդրանիկ Հարությունյանն էլ ասաց, որ թեև «Քիթ-Cut»-ը կատակերգական ժանրի ներկայացում է, և իրենք հումորով են մոտեցել այս ամենին, բայց իրականում խորհելու շատ բան կա նրանում, մտածելու տեղիք է տալիս. «Ներկայացումը գենի պահպանման խնդիր է դնում,- ասում է նա:- Եթե 2014 թ. արդեն այսքան անհետաքրքիր բաներ են տեղի ունենում բոլորիս հետ. ուզում ենք ռուսներին, ամերիկացիներին ու եվրոպացիներին նմանվել, պատկերացնո՞ւմ եք՝ 2080-ին ինչ կարող է լինել»:
Կարդացեք նաև
«Այսինքն՝ ներկայացման մեջ բարձրացված է մի խնդիր, որը մենք հենց հիմա ունենք,- շարունակելով Ա. Հարությունյանին՝ նկատեց Կարապետ Բալյանը և մի ցայտուն օրինակ բերեց. «Ֆրանսիայում ստեղծագործող հանճարեղ մի մարդ «Համլետը» բեմադրելիս «Լինե՞լ, թե՞ չլինել» մոնոլոգը հանեց, ու երբ նրան հարցրին, թե ինչու է հանել, չէ՞ որ «Համլետի» մեխը հենց այդ հատվածն է, նա պատասխանեց, որ Ֆրանսիայի ժողովուրդը հիմա չունի լինել-չլինելու խնդիր, և նա դա չի հասկանա»:
«Ինձ արդեն թվում է, թե մենք ծանրամարտիկներ ենք. անընդհատ բարձրացնելուց ենք խոսում (բայց խնդիրներ), սա կատակերգություն է, հարգելիներս»,- միջամտեց սցենարիստ Արմեն Վարդանյանը և փակագծերը մի փոքր բացելով՝ ասաց, որ ներկայացման մեջ կլինի նաև անշունչ դերասան՝ ռոբոտ, որը պատրաստվել է Հայաստանում՝ հատուկ այս ներկայացման համար:
«Բեմում 2080 թվականն է, իսկ դահլիճում, որտեղ նստած է հանդիսատեսը՝ 2014, կլինի շատ հետաքրքիր երկխոսություն 2080 թվականի երիտասարդի և 2014 թվականի մարդկանց միջև: 2080 թ. ապրող երիտասարդն իրեն հետաքրքրող հարցեր կտա 2014 թ. մարդուն: Նույնիսկ 2014 թ. մի աղջկա կհավանի, բայց այդ ամենը չենք ասի՝ ինչպես կավարտվի»,- ասաց սցենարիստը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ