«Նրանց բոլոր մեղքերը կարող եմ անվանական հատ-հատ նշել, թե ով ինչ է արել»,- ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «ՀՀ նոր կառավարության ծրագիրը. լուծումնե՞ր, թե՞ ցանկություններ» թեմայով քննարկման ժամանակ զգուշացրեց իրենց ընդդիմախոսներին` ոչ իշխանական ուժերի շարքերում և նրանց կողքին կանգնած անձանց:
Հետո հայտարարեց. «Խնդիրը քաղաքականության մեջ է, մեր գործընկերներն էլ են նշում, թե կառավարության ծրագրի բովանդակային քննարկում չեն արել: Քառյակը մրզավազքի մեջ է, թե ով ավելի ուժեղ պետք է քննադատի, դատափետի այս իշխանությանը, կառավարութանը, ՀՀԿ-ին` մոռանալով իրենց շարքերում եղածների, իրենց կողքի մարդկանց նախկինում գործած մեղքերը»:
Այնուհետև կարծիք հայտնեց, թե «քառյակը շփոթված փորձում է Տիգրան Սարգսյանի վրա գցել ամեն ինչ» ու հավելեց. «Այսօր չքվեարկելով, ինչ- որ դիրքորոշում հայտնելով շփոթման մեջ փորձում են պատասխանատվության սլաքը մղել ՏիգրանՍարգսյանի վրա: Մենք` նաև ի պատիվ Հովիկ Աբրահամյանի` նշում ենք, թե անցյալին էլ չենք նայում, ընդունում ենք, որ նոր իրավիճակ է և գնում ենք առաջ»:
Այնուհետև նշեց. «Ինչպես պարոն Մելքումյանն է ասում, եկեք կառավարությանը վեց ամիս ժամանակ տանք»:
Կարդացեք նաև
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե իրենք կառավարության ծրագրի բովանդակային քննարկում արել են ու ընդգծեց վարչապետի վճռականության հանգամանքը. «Ես վարչապետին ասել եմ, թե ինքը պետք է ունենա վճռականություն և ժողովրդին ասի` մեկ ամսում կարող եմ այսքանը, երեք ամսում` այսքանը և դա անի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ