Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել էի պարզապես բեմադրությունը դիտելու, բռնեցին տարան». ակտիվիստ

Մայիս 23,2014 19:47

Այսօր՝ մայիսի 23-ին, քաղաքացիական ակտիվիստ Մհեր Արշակյանի գործով դատական նիստին գործով վկաներից երկուսը չէին ներկայացել:

Մհեր Արշակյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող տրանսպորտի գնի թանկացմանը դեմ բողոքի ակցիաներին, եւ ի տարբերություն այլ դատական գործերի՝ դեպքի օրը Մհեր Արշակյանը եկել էր քաղաքապետարան, որպեսզի դիտի մի խումբ ակտիվիստների կողմից կազմակերպած բեմադրությունը.

«Քաղաքապետարանի մոտից ինձ անհիմն բերման էին ենթարկել: Ոչ մի բան չեմ արել, միջոցառում պետք է լիներ, ես եկել էի պարզապես բեմադրությունը դիտելու, եւ բռնեցին տարան»:

Նա նշեց, որ ոստիկանությունը իր դեմ հայցում նշել էր, որ նա երթեւեկելի մասը փակել է եւ այդ հիմքով էլ իրեն բերման են ենթարկել, սակայն իրենք հակընդդեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով ոստիկանության գործողությունները ճանաչել անիրավաչափ եւ հաստատել իր հավաքի, խոսքի եւ անձեռնմխելիության ազատությունների սահմանադրական իրավունքի խախտման փաստը:

Մհեր Արշակյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը դատական նիստի ընթացքում նշեց, որ իրենց հայցն իրավունքի պահպանման պահանջ է, ճիշտն այնպես, ինչպես որ Հայաստանը փորձում է իր իրավունքը պաշտպանել, մասնավորապես՝ Թուրքիայից պահանջելով ճանաչել ցեղասպանության կատարման փաստը. «Սա իրավունքի պաշտպանության եղանակ է, եւ մենք դիմել ենք այդ պաշտպանության եղանակին»:

Սակայն ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը հայտարարեց, որ պետք չէ հայ ազգի համար շատ կարեւոր հանգամանքը համեմատել ներկա վարույթների հետ, քանի որ համարում է, որ տեղին չէ: Ի պատասխան Սոնա Մելիքյանի՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ չի հայտարարում, որ այդ երկու հանգամանքները համարժեք են, ուղղակի ինքը բերում է իրավունքի պաշտպանման օրինակ.

«Մարդկային հարաբերություններում երկու անձանց միջեւ, երբ մեկը մյուսի իրավունքը խախտում է, նրան նեղացնում է, այլ կերպ ասած, իրավունքի պաշտպանության մատչելի եւ կիրառելի եղանակն իր կողմից խախտման փաստի ընդունումն է: Մենք ուզում ենք հենց դա՝ այդ մարդկային հարաբերությունները, որպեսզի մարդ չզրկվի այդ հարաբերությունների հետեւանքից: Իրավունքի խախտման փաստը ճանաչելով՝ մեր վստահորդը կարող է բավարարվել եւ դադարեցնել իրավունքի պաշտպանության այլ եղանակներին դիմելը, ինչպես որ մարդկային հարաբերություններում դա կա»:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 12-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031