Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամը ոստիկանության գործողությունների մասին. «Աբսուրդ է՝ ոստիկանների վկան ոստիկան է»

Մայիս 23,2014 18:59

ՀՀ վարչական դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանի գործով  դատական նիստը (դատավոր` Ա. Հարությունյան):

Ինչպես  Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց  Արեն Մանուկյանը, ողջ պատմությունը սկսվել է նրանից, որ ի պաշտպանություն Փակ շուկայի կայացած ցույցերից մեկի ժամանակ, իսկ ավելի ստույգ օգոստոսի 31-ին ինքը բռնի բերման է ենթարկվել ՀՀ Ոստիկանության  Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին: Նրա ձեւակերպմամբ, իր ազատությունը ապօրինի սահմանափակել են, սակայն դեռ մի բան էլ Ոստիկանությունն է դիմել դատարան՝ իբր ինքը չի կատարել ոստիկանության օրինական պահանջները:

Երիտասարդը այս ամենը խեղկատակություն է անվանում, ասելով, թե զավեշտն այն է, որ ոստիկանների վկան միայն ոստիկաններին են:

Ի դեպ, Արեն Մանուկյանն էլ իր հերթին է հակընդդեմ հայցով դիմել դատարան՝ ոստիկանության հակաօրինական գործողությունների հետ կապված: «Աբսուրդ է լրիվ ոստիկանության տեսակետը եւ նրանց ներկայացուցչի խոսքերը, դրանք ոչ մի ձեւով չեն բռնում իրար: Ինչպես բոլոր նման դեպքերում ինձ բերման են ենթարկել բռնի ուժով: Որեւէ պահանջ չի եղել, բռնել զոռով մեքենա են նստեցրել, երեք ժամ էլ պահել ոստիկանության բաժնում, հետո էլ հայց են ներկայացրել վարչական դատարան, վարչական հոդված եւ այլն, հիմա էլ որերորդ նիստն է գնում, վկա չունեն, վկան ոստիկանությունն է: Վկա չունենալով հանդերձ՝ մի բան էլ իրենք են ինձ ներգրավել որպես վկա: Ու ոստիկանության ներկայացուցիչները մի բան են ասում, բերման ենթարկած ոստիկանները՝ մեկ այլ բան: Կենտրոնի ոստիկանության ներկայացուցիչն ասում է, որ իբր հակաճառել եմ, վիճաբանություն է եղել, մինչդեռ բերման ենթարկող ոստիկանն ասում է, որ նման բան չի եղել, ուղղակի պահանջ են ներկայացրել, դրել մեքենա բերել: Կադրեր կան, որտեղ ոչ մի պահանջ չի երեւում, ուղղակի հրելով գցում են մայթի վրա, նստեցնում մեքենա»,-պատմեց Արենը:

Դատարանում նրա ներկայացուցիչն է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Դիմելով դատարանին, նա խնդրեց արձանագրել, որ իր վստահորդի նկատմամբ իրականացվել է ազատության սահմանափակում՝ բերման ենթարկելու ռեժիմով: Զեյնալյանը փաստեց, որ  արձանագրության տակ ստորագրությունը դրված է նույն անձի կողմից, որը կազմել է բերման ենթարկելու մասին արձանագրությունը:Նաեւ հավելեց, թե որեւէ փաստաթղի տակ փաստաբանի ստորագրություն չկա:

Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը ասաց, որ դա փաստաբանի խնդիրն է, որը ներկա է եղել ամեն ինչին, բայց չի ստորագրել: Հղում անելով եվրոպական կոնվենցիաների,  Զեյնալյանը շեշտեց, որ իր վստահորդի իրավունքներին ոստիկանության միջամտությունը քողարկված է եղել վարչական վարույթ իրականացնելու պատրվակով: Նա այս առումով հրավիրեց դատարանի ուշադրությունը, եւ գտավ, որ  դատարանը պետք է իրավական գնահատական տա կատարվածին:

«Հոժարակամ բաժնում մնալը եղել է Արեն Մանուկյանի եւ իր փաստաբանի ցանկությունը»,-իր հերթին ասաց ոստիկանության ներկայացուցիչը: Նրա ձեւակերպմամբ,  «Փակ» շուկայի վերականգնումը օրինական էր, այն ութ ամսից ավել գործում էր,  շինարարությունը իրավաչափ էր, իսկ բողոքի ակցիան՝ ոչ էլ արտոնված:

Արտակ Զեյնալյանը չհամաձայնեց «չարոտնված ակցիա» արտահայտության հետ, ինչ վերաբերում է Փակ շուկայի շինարարությանը, իրավապաշտպանը փաստեց, որ անգամ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է հայտարարել է, թե «Փակ» շուկայի շինարարությունն օրինական չէր:

Երբ խոսք գնաց առկա տեսանյութերի մասին, ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ դրանք մոնտաժված են, կտրտված: Արեն Մանուկյանը, սակայն պնդեց, որ, որեւէ տեսանյութ մոնտաժված չէ, ուղղակի «կպցված» են իրար, դրանք բոլորը ներբեռնվել են յութուբ,  կայքերից մեկն էլ է տեսանյութ տեղադրել, որտեղ պարզորոշ երեւում են ոստիկանության ապօրինի գործողությունները: Հաջորդ նիստը կկայանա հունիսի 13-ին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031