Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիճաբանություն Հովհաննես Սահակյանի և Լյուդմիլա Սարգսյանի միջև. «Դե, ԱԺ քաջերը դուք եք»

Մայիս 23,2014 18:54

«Որքան էլ Հովիկ Աբրահամյանը պնդի, թե իր ներկայացրած կադրերն են, որ Սերժ Սարգսյանն էլ հաստատել է, միևնույն է, կարծում եմ, որ դրանք համատեղ նշանակված կադրեր են»,-«Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «ՀՀ նոր կառավարության ծրագիրը. լուծումնե՞ր, թե՞ ցանկություններ» թեմայով բանավեճի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նշեց, եթե  ամենալավ ծրագիրն էլ կառավարությունը ներկայացներ ԱԺ, ապա կառավարությունն այսօր ունակ չէ կյանքի կոչել այն, քանի որ  կառավարությունը բացարձակ անկախ չէ:

Այնուհետև վրդովվեց. «Ինչպե՞ս կարելի էր ՊԵԿ նախագահին նշանակել ֆինանսների նախարար: Բյուջե մուտքի ու ելքի ապահովողը դառնում է մեկ մարդ, որից չգիտեմ` ինչ կերպ է ժողովուրդը հաշվետվություն պահանջելու: Չէ՞ որ կոռուպցիայի համար դրանք մեծ հիմքեր են: Քանի դեռ իշխանությունն իր մեջ քաջություն չի գտնում ու հետադարձ հայացք գցում իր գործունեության վրա, կառավարությունը չի հնչեցնում իր գնահատականներ նախկին կառավարության բացթողումների, չարաշահումների մասին, այս նորաստեղծ կառավարությունը գնալու է նույն ճանապարհով»:

Այնուհետև շարունակեց. «Մեր երկրում արդեն վաղուց ավանդույթ է դարձել, որ ով ինչ ուզում անում է, առավել ևս իշխանությունը, հետո որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում: Ձախողել եք տնտեսական քաղաքականությունը ի դեմս Տիգրան Սարգսյանի, որին ամեն կերպ պաշտպանում էր ՀՀԿ-ն, նրա բոլոր ֆիքս իդեաներին կողմ էինք քվեարկում: Եթե չեք կրում պատասխանատվություն նախկին կառավարության բացթողումների համար,  ինչպե՞ս կարող ենք մենք հավատալ հաջորդ կառավարությանը»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հակադարձեց. «Դե ազգային ժողովի քաջերը դուք եք»:

Այնուհետև հարցրեց` այդ դեպքում դեմ քվեարկեիք կառավարության ծրագրին, ոչ թե չմասնակցեիք:  Լյուդմիլա Սարգսյան հակադարձեց, թե նույնն է` ինչ դեմ ու հավելեց. «Մենք հայտարարել ենք, որ դեմ ենք»:

Հովհաննես Սահակյանը ասաց, թե «եկել ենք ձեր դուռը», ասում ենք առաջարկներ ներկայացրեք, ինչու չներկայացրիք: Տիկին Սարգսյանը, թե «առաջարկը կարող է ընդունվել, հետո կյանքի չկոչվել, ժողովրդի  վստահության խնդիր է»:

Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ժողովրդի անունից խոսելուց առաջ պետք է նախ այդ ժողովրդի համամասնության վստահությունը վայելելու չափ կարողանաք խոսել»: Լյուդմիլա Սարգսյանն առաջարկեց այդ դաշտ չանցնել:  Հովհաննես Սահակյանը` «Բոլոր այդ թեմաները գալիս են այդտեղից»:

Հարց հնչեց, թե այդ ինչպե՞ս է` ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը դրական է արտահայտվում կառավարության ծրագրի մասին, տիկին Սարգսյանը արձագանքեց. «Հրանտ Բագրատյանի մոտեցումները ՀԱԿ-ը չի կիսում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031