Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստին բերման ենթարկած ոստիկանը ներգրավեց դատական գործի մեջ

Մայիս 23,2014 18:24

Այսօր՝ մայիսի 23-ին, Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Գարեգին Յավրումյանի գործով նախնական նիստը: Գարեգին Յավրումյանը պարտադիր զինվորական ծառայություն է կատարում եւ այդ պատճառով ներկա չէր դատական նիստին:

Նրա ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշեց, որ Գարեգին Յավրումյանը 2013 թվականի հունիսի 26-ից մինչեւ նոյեմբերի 1-ը Երեւանի քաղաքապետարանի շենքի մատույցների դիմաց իրականացրել է անընդմեջ շուրջօրյա բողոքի ակցիա ուղղված Երեւանի քաղաքապետարանի գործողությունների եւ որոշումների դեմ: Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսի 24-ին, երբ Գարեգին Յավրումյանն իր ընկերների հետ ցանկացել է բեմականացում իրականացնել, այդպիսով արտահայտելով իր բողոքը.

«Բողոքի ակցիան, բեմականացման ձեւով ծրագրավորված, ի սկզբանե արգելվել է ոստիկանների կողմից՝ ոստիկանները թույլ չեն տվել մեր վստահորդին եւ բողոքի ակցիայի մյուս մասնակիցներին իրականացնել մտադրված բողոքի ակցիան: Ոստիկանները մեր վստահորդին չեն ներկայացրել բողոքի ակցիայի անցկացումն արգելելու իրավական հիմքերը: Ոստիկանները մեր վստահորդին  եւ բողոքի ակցիայի մյուս մասնակիցներին ուժի գործադրմամբ տեղավորել են ավտոմեքենայի մեջ եւ տարել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժին: Ոստիկանության բաժին տեղափոխելիս՝ ոստիկանները չեն ներկայացրել իրենց պաշտոնը, կոչումն, անուն-ազգանունը, մեր վստահորդին չեն ներկայացրել ազատությունից զրկելու իրավական հիմքերը, նրանց կողմից հայտարարվել է, որ ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին»:

Պարոն Զեյնալյանը նշեց, որ ոստիկանության մեքենայի մեջ Գարեգին Յավրումյանը հետաքրքրվել է, թե ո՞րն է իրեն բերման ենթարկելու իրավական եւ փաստական հիմքը, սակայն ոստիկանները պատասխանել են՝ «գնանք բաժին՝ կիմանաս»:

Ոստիկանության բաժանմունքում ակտիվիստին պահել են երեք ժամ, որի ընթացքում նրան չի պարզաբանվել պաշտպան ունենալու իր իրավունքը, իսկ ազատությունների սահմանափակումներից բխող իրավունքների մասին գրավոր ծանուցումը նրան տրամադրվել է միայն երկու ժամ հետո.

Դատավոր Արման Թովմասյանը որոշեց գործում որպես վկա ներգրավել բերման ենթարկող ոստիկան Արա Ղալեչյանին, որպեսզի նա ցուցմունք տա մի շարք փաստական հանգամանքների մասին, մասնավորապես՝ նկարագրի, թե ի՞նչ արարք է կատարվել, ինչի՞ համար է բերման ենթարկվել, պարզաբանվել են հայցվորի իրավունքները, թե՞ ոչ:

Դատական նիստը հետաձգվեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031