Չնայած ստալինյան ռեպրեսիաների ուղղակիորեն մասնակից բոլշեւիկ Անաստաս Միկոյանի` Երեւանում տեղադրվելիք արձանի աղմկահարույց որոշման շուրջ քննադատությունները եւ բողոքները չեն դադարում, այնուամենայնիվ, Միկոյանի արձանն արդեն ձուլարանում է եւ ենթադրաբար մոտ ապագայում այն իր տեղը կզբաղեցնի Երեւանի կենտրոնում:
Իշխանությունների հապշտապությունը` առանց հասարակական քննարկումների, քանդակագործի մրցույթի եւ նախագծի հավանության որոշվել է ուղղակի տեղադրել Անաստաս Միկոյանի` Մոսկվայի գերեզմանի մահարձանի կրկնօրինակը եւ «ժամանակ չվատնել», շատերի համոզմամբ պատահական չէ:
Այս պահին, երբ Հայաստանը պատրաստվում է Մաքսային միությանը միանալու փաստաթղթեր ստորագրել, Միկոյանի արձանի կանգնեցումը ուղղակիորեն կապվում է Կրեմլին անցյալը հիշեցնելու, հաճոյանալու հետ:
«Հայաստանի անկախության 23-րդ տարում վերցնել եւ մայրաքաղաքում տեղադրել հայ ժողովրդի դահիճներից մեկի արձանը խայտառակություն է, սակայն այդ խայտառակությունն իր պատճառն ունի: Կրկին անգամ իշխանությունները սովետական մեռելներին վերակենդանացնելու հաշվին ուզում են հաճոյանալ Ռուսաստանին»,-«Մեդիալաբին» ասում է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Ես վստահ եմ, որ առաջ քաշած վարկածը մեծապես համապատասխանում է իրականությանը,-«Մեդիալաբին» ասում է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը,- դա մի օղակ է ընդամենը շղթայի, որով մենք շղթայվում եւ կապվում ենք խորտակվող կայսրությանը»:
Մինչ խոսակցությունների սարդոստայնում, դաժանության եւ հազարավոր հայերի մահվան մեջ ուղղակի մասնակցություն ունեցած փաստաթղթեր ստորագրած Անաստաս Միկոյանի անցյալի հետ կապված նորանոր արխիվային փաստաթղթեր են ի հայտ գալիս, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե առաջարկն ընդունվել է հաշվի առնելով Միկոյանի «ավանդը, անցած բարդ ուղին եւ հեղափոխական աշխատանքը»:
«Տալ համաձայնություն պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Իսահակյան-Կորյունի փողոցների միջանկյալ՝ Գ. Քոչարի փողոցին զուգահեռ պուրակում տեղադրելու համար»,-նշված է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի`ապրիլի 30-ի հրամանի մեջ` ով ավելի ուշ լրագրողների հարցերին ի պատասխան նշել է, որ մնացած հարցերը պիտի «ուսումնասիրեն պատմաբանները»։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում