Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ ունեցվածք է ժառանգել Լյուդմիլա Սարգսյանը

Մայիս 23,2014 16:05

«Ես ունեցել եմ ոչ աղքատ ծնողներ, բայց այսօր չեմ կարող պարծենալ, որ տիրապետում եմ ինչ-որ ժառանգության»,-Aravot.am-ի հարցին`Դուք ձեր ծնողներից ժառանգություն չե՞ք ստացել, այսպես պատասխանեց վերակազմյալ ՍԴՀԿ-ի ատենապետ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Լեւոն Զուրաբյանն իրենց ելույթներում անդրադարձան կառավարության անդամների ունեցվածքին:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաժարվեց, որ հրապարակված ընկերություններն իրեն են պատկանում, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը  եւ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն  ասացին, որ իրենց ունեցվածքը ժառանգություն են ստացել:

Տիկին Սարգսյանը լրագրողներին առաջարկում է ժառանգություն ստացած ունեցվածքի վերաբերյալ հետաքննություն անցկացնել: «Ժառանգության մասին օրենքը, պարզվում է, տարածվում է միայն իշխանության վրա: Ստացվում է, որ մեր բոլոր իշխանավորներն իրենց ամբողջ կարողությունը ժառանգել են իրենց նախնիներից: Երեւի թե պարտադրենք կառավարությանը, որ բոլորն անխտիր ներկայացնեն ժառանգականության մասին իրենց փաստաթղթերը: Միգուցե այդ դեպքում մենք հավատանք եւ ներողություն խնդրենք անհիմն մեղադրանքների համար»,- հեգնեց տիկին Սարգսյանը:

Հարցին`ճի՞շտ է համարում Լյուդմիլա Սարգսյանը, կառավարության ծրագրի նկատմամբ ՀԱԿ-ի որդեգրած մերժողական մոտեցումը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ խորհրդարանում ընդդիմության տարբեր շերտեր կան, մի մասը փորձում է կառավարության ներկայացրած ծրագիրը բովանդակային քննարկման ենթարկել. «Այդուհանդերձ, բոլորն էլ հասկանում են, որ ամենափայլուն ծրագիրն անգամ միշտ չի, որ իրագործելի է կամ իրագործման նպատակ է դնում: Եթե ՀԱԿ-ը չմտավ բովանդակային քննարկման մեջ, մյուս քաղաքական ուժերը փորձեցին դա անել`տեսնել դրական ու բացասական կողմերը: Դրան զուգահեռ, ՀՀԿ-ից բացի, բոլորն էլ գիտակցում էին, որ նախկինում էլ եղել են փայլուն ձեւակերպումներով ծրագրեր, որոնք իբր թե պետք է ապահովեին տնտեսական աճ ու բարեկեցություն, բայց արդյունքում տնտեսությունը գահավիժեց, աղքատության շեմն էլ գերազանցում է 35 տոկոսը, ժողովուրդն էլ մազապուրծ եղածի նման լքում է երկիրը: Հետեւաբար, ծրագրի նկատմամբ ՀԱԿ-ի մոտեցումն այնքան բովանդակային չի, որքան քաղաքական»:

Մեր զրուցակցի կարծիքով բոլորն էլ լավ հասկանում են, որ որեւէ կառավարության ամենափայլուն ծրագիրն անգամ ի վիճակի չէ կյանքի կոչվելու, քանի դեռ գործադիր մարմինն անկախ չէ եւ ծրագիրն էլ կազմվում է ոչ թե հաշվարկների եւ հստակ թիրախային ուղղություններով, այլ մի կոնկրետ նպատակով`երկրում ստեղծված լարված իրավիճակի թուլացման եւ ժամանակավոր հույսի ներշնչման համար: «Դա կարճաժամկետ խնդիր է եւ այսօրվա բոլոր լուծումներն իրավիճակային լուծումներ են»,- կարծում է ՀԱԿ պատգամավորը:

Վարչապետի կողմից «չկամեցողներ» որակվեցին բոլոր այն ընդդիմադիրները, որոնք փորձեցին հստակ ձեւակերպել իրենց մոտեցումը դեպի նորաստեղծ կառավարությունն ու ներկայացված ծրագիրը, փորձեցին հանրությանը ներկայացնել կառավարության իրական նպատակները`ներկայացնելով նաեւ կառավարության առանձին անդամների անցյալն ու դրա հետ պայմանավորված անվստահությունը: «Ես, ինչպես, հարցուպատասխանի ժամանակ, հիմա էլ պիտի կրկնեմ, որ չկա այն պատգամավորը, առավել եւս ընդդիմադիր, որը տարիներ շարունակ պայքարել է երկրում օրենքի գերակայության եւ սահմանադրական կարգի վերականգնման համար եւ այսօր լինելով խորհրդարանում, ցանկանա վերջնականապես հուսահատ եւ հուսախաբ տեսնել ժողովրդին: Սակայն, նման տեսակետ արտահայտելու համար, մենք ունենք դառը փորձ`նախկին կառավարություններից եւ քանի որ համակարգը երկրում չի փոխվում, կառավարման տրամաբանությունն էլ շարունակում է մնալ նույնը` այն է, սպասարկել իշխող համակարգի շահերը, մենք բոլոր հիմքերն ունենք անվստահությամբ վերաբերվելու նորաստեղծ կառավարությանն ու նրա ներկայացրած ծրագրին»,- ասաց տիկին Սարգսյանը`հավելելով. «Նորից ուզում եմ փաստել, որ մեր վերաբերմունքը բացարձակ պայմանավորված չէ Հովիկ Աբրահամյանի կամ մեկ այլ մարդու անձով: Որովհետեւ ամենալավ ձգտումների դեպքում անգամ, քանի դեռ բոլոր հրահանգներն ու ուղղորդումները ձեւակերպվում են Բաղրամյան 26-ում, եւ շահերն էլ շարունակում են մնալ նույնը`ամեն գնով պահպանել իշխանությունը, ոչ մի ներկայացված ծրագիր իրագործելի չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031