«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
-Քառյակի մաս կազմող կուսակցություններից երկուսի՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի առաջնորդները երկու օր առաջ հանդիպեցին: Ի՞նչ կարող ենք հասկանալ այս հանդիպումից, քառյակի անելիքներն այս երկու ուժե՞րն են որոշում:
-Ես չեմ կարծում, թե այլ հանդիպումներ չեն լինում նույն Դաշնակցության, ՀԱԿ-ի միջև, կամ «Ժառանգության» և Դաշնակցության: Այդ հանդիպումները փոխադարձ ընդհանրական խնդիրներ են լուծում, ինչպես նաև քառյակի անելիքները որոշում։ Որևէ տարօրինակ բան չեմ տեսնում, այդ հանդիպումները խթանում, օժանդակում են, որ քառյակը հետագայում իր ծրագրերն ավելի լավ կարողանա իրագործել, այն հարցերում, որտեղ կան որոշակի տարաձայնություններ՝ հարթեցնեն:
-Մեր նախորդ հարցազրույցում կարծիք հայտնեցինք, թե լավ կլինի, որ առաջին և երկրորդ նախագահներն անմիջական մասնակցություն ունենան ներքաղաքական իրադարձություններին: Այս փուլում տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ երկրորդ նախագահը ներգրավվի քաղաքական գործընթացներին:
-Եթե դա որևէ պահի տեղի ունենա, ես անակնկալի չեմ գա և չեմ համարի, որ դա տեղին չէ: Ես ընդհակառակը՝ առաջարկել էի երեք ֆորմատ, երեք պլյուս երկուսի ֆորմատ՝ ԼՂ ներկա, նախկին նախագահներ, նաև յոթի ֆորմատ, որ կմիանային Վեհափառ հայրապետները։ Ես կարծում եմ, որ բացի դրական ազդակից, ուրիշ ոչ մի ազդեցություն չի ունենա ո՛չ ներքաղաքական, ո՛չ արտաքին քաղաքական կյանքում։ Ժամանակն է, և կարծում եմ, տեղին կլինի ցանկացած ֆորմատով հանդիպում: Եթե տեղի ունենա առաջին և երկրորդ նախագահների հանդիպում, ես կարծում եմ, որ դա բավականին լուրջ ազդակ կլինի թե հետագա զարգացումների համար, թե այն կանխատեսումների, որ շատ քաղաքական ուժեր անում են: Ես դա համարում եմ նորմալ, երբ տեղի կունենա, չեմ կարող ասել, բայց դա շատ կարևոր քայլ է, որ մի օր պետք է անել:
Կարդացեք նաև
-Իսկ դրան խանգարող հանգամանքներ չկա՞ն: Մարտի մեկը մի կողմ կդրվի՞, մշտապես Ռ․ Քոչարյանի հասցեին առաջին նախագահի թիմի կողմից այդ առումով մեղադրանքներ են հնչել: Համագործակցելու, միասնական նպատակի հասնելու համար դա մի կողմ կդրվի՞:
-Եթե այդ տեսանկյունից նայենք, ես էլ ժամանակին՝ 1995 թվականին, բավական կոշտ դիրքորոշում եմ ունեցել ՀՀՇ-ի նկատմամբ, որի ներկայացուցիչները հետագայում ձևավորեցին ՀԱԿ-ը: Հիմա իմ վերաբերմունքն այդ քաղաքական ուժի, այդ մարդկանց հանդեպ բավականին դրական է, եթե չասեմ՝ շատ դրական, և ես չեմ կարծում, որ այն տարաձայնությունները, որ եղել են ժամանակին, բոլոր միմյանց հասցեին ասված խոսքերը պատրվակ են, որ տեղի չունենա հանդիպում, որը կարող է քաղաքական խնդիրներ լուծել:
Ես չեմ կարծում, որ այդ քննադատությունները կամ միմյանց հասցեին ասված խոսքերը, որոնք ապացույց չունեն, պատրվակ են, որ այդ հանդիպումը տեղի չունենա:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում