«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է վարորդներին հուզող խնդիրների լուծմամբ։
Է. Հովհաննիսյանը նշեց, որ խմբում քննարկվող հարցերից է տաքսիների կայանման համար տուգանքների հարցը. «Վարորդը կայանման տեղ չունենալու պատճառով ամեն անգամ տուգանվում է 5000 դրամով։ Տաքսիների համար պետք է տեղ հատկացնել»։
Պրն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խմբում քննարկվելու է նաեւ տուգանքների չափաքանակի վերաբերյալ խնդիրը. «Ինչպես է հիմնավորվում այսօրվա տուգանքների չափը: Եթե ինչ-որ մեկը կարողանա հիմնավորել այսօրվա տուգանքների չափը, թե ինչու է սկսվում 3000 դրամից եւ հասնում մինչեւ 350 հազար դրամ եւ ավելի, ապա ես ձեռքերս վեր կբարձրացնեմ։ Օրինակ՝ եթե մեքենան ապահովագրվում է, բայց վարորդը չի փակցնում ապահովագրման թուղթը դիմապակուն, ապա ինչ հիմնավորումով են նրան տուգանում 20 հազար դրամով»։
Ինչպես տեղեկացրեց պրն Հովհաննիսյանը, աշխատանքային խմբում հարց է բարձրացվելու, տուգանքների 30 եւ 60 օր չվճարելու դեպքում, դրանց եռապատիկ եւ հնգապատիկ չափերը վերացնելու համար.«Խմբում այս հարցի շուրջ եկել ենք համաձայնության, որ այս չափի տուգանքները պետք վերացվեն»։
Կարդացեք նաև
Պրն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ աշխատանքային խմբին տրվել է երեք ամիս՝ հարցերը կառավարություն ներկայացնելու համար։ Աշխատանքային խմբում ներգրավված են քաղաքապետարանի, ճանապարհային ոստիկանության, արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ