«Ում որ վաճառում են Մարզահամերգային համալիրը, նրան ասո՞ւմ են, որ նա պարտավոր է պահպանել այդ հուշարձանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հարցադրում արեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Նրա խոսքով՝ ինքը մանրամասն կարդացել է աճուրդի պայմանները, և այնտեղ ոչ մի բառ չկա այն մասին, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրը պատմամշակութային հուշարձան է:
«Ստացվում է, որ խաբում են գնորդին»,- եզրակացրեց ճարտարապետը,- եթե դու պատմամշակութային հուշարձանը աճուրդի ես հանում և վաճառում ես ինչ-որ մի պատահական անձի, նա գիտի՞, որ պիտի պահպանի այդ հուշարձանը, թե՞ հետո նոր գլխի կընկնի ու դատի կտա, թե դուք ինձ չէիք զգուշացրել, որ սա հուշարձան է: Այստեղ է, որ իրավական խախտում է տեղի ունենում, այստեղ ուղղակի խաբում են գնորդին»:
Սաշուր Քալաշյանի դիտարկմամբ՝ այս հարցի մասին խոսողների մեծամասնությունը ճարտարապետներ են, մինչդեռ, ըստ նրա, խնդիրն ավելի շատ իրավաբանական է, քան ճարտարապետական. «Ես որքան հասկացա, այստեղ ավելի շատ գնային խնդիրն է առաջ գալիս, թե ինչու այս գինը և ոչ թե մի այլ: Մնացած հարցերն անտեսված են ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ բողոքողների կողմից,- կարծում է ճարտարապետը,- Մինչդեռ, մենք գործ ունենք հուշարձանի հետ, այսինքն՝ մի կառույցի, որը համարվում է մշակութային արժեք և վերցված է պահպանության տակ»:
Կարդացեք նաև
Ս. Քալաշյանը նկատում է, որ այս հարցի «հոգևոր բաղադրիչը» դուրս է մնացել. «Ի վերջո, այս պատմության մեջ երկուսն են մտած՝ մի կողմից կառավարությունը, մյուս կողմից՝ դատաիրավական համակարգը,- ասում է Ս. Քալաշյանը,- Կառավարությանն այս հարցում հետաքրքրում է այն դրամը, որը կորցրել է և ուզում է վերականգնել սեփականատիրոջ հաշվին (ի դեպ, ճիշտ է անում), իսկ դատաիրավական համակարգին հետաքրքրում է միայն թվաբանությունը: Այս պարագայում հարցի հոգևոր բաղադրիչը, այսինքն՝ երևույթների հոգևոր գնահատականը, որն ամենաշատն է հետաքրքրում հասարակությանը, չկա այս աճուրդի մեջ, մինչդեռ պիտի լիներ, որովհետև մենք ունենք Մշակույթի նախարարություն, մշակույթի վերաբերյալ օրենսդրական ակտեր, փաստաթղթեր, որոնցում հստակ նշված է, որ պատմաճարտարապետական հուշարձանները ենթակա են պահպանման, և հուշարձանին տիրապետող անձինք պարտավոր են պահպանման պարտավորագիր կնքել պետական լիազոր մարմնի, այն է՝ Մշակույթի նախարարության հետ: Առհասարակ, մենք հատուկենտ դեպքեր ունենք, որ այդպիսի պայմանագիր է կնքվել»:
Նույն կարծիքին է նաև Մարզահամերգային համալիրի ճարտարապետական նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանը, որը բնական է համարում սեփականատերերի փոփոխությունը, միայն թե պայմանագրում պիտի հստակ կետ լինի այն մասին, որ ինքը կարող է և պարտավոր է պահպանել այդ կառույցը. «Միշտ էլ կարող են սեփականատերերը փոխվել, այսինքն՝ խնդիրն այն չէ, թե ով է սեփականատերը: Խնդիրն այն է, որ պատմամշակութային այդ կառույցը շարունակի իրականացնել այն նույն գործառույթը, որն հիմա է իրականացնում: Ֆինանսական խնդիրներն ինձ չեն հետաքրքրում, և, անկեղծ ասած, հուշարձանի պարագայում ես գին ասվածն այնքան էլ չեմ պատկերացնում, որովհետև այդ հուշարձանը կարող է շատ անգին լինել, և անկախ նրանից՝ շահագործվում է թե ոչ, մենք պետք է պահպանենք այն»,- ասաց Գ. Մուշեղյանը և հավելեց, որ Մարզահամերգային համալիրն իր կարևորությամբ, իր գործառույթով անհրաժեշտ է ոչ միայն սեփականատիրոջը, այլև պետությանը, և այստեղ պետք է լինի նաև պետության հովանավորությունը, որպեսզի այն պահպանվի:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ