ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի նկատել, որ իր ղեկավարած խմբակցության առնվազն երկու պատգամավոր երեկ հարբած են մասնակցել կառավարության ծրագրի ընդունմանը. «Նման երեւույթ ես չեմ նկատել, որովհետեւ ծրագրի քննարկմամբ եմ զբաղված եղել»:
«Ա1+»-ի հարցն՝ այն, որ ՀՀԿ-ում ոչ ոք չի նկատել այդ պատգամավորների հարբածությունը, արդյոք չի՞ նշանակում, որ բոլորն էլ հարբած են եղել, Վահրամ Բաղդասարյանին բավականին զվարճացրեց: Նա միայն ասաց, որ եթե դա լիներ կառավարության ծրագրի ընդունումից հետո՝ գուցե հավանական լիներ, բայց մինչեւ այդ՝ չի կարծում:
Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է սպասում այն պատգամավորներին, որոնք իրենց գործընկերների փոխարեն են քվեարկել, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ չի տեսել նման բան, բայց եթե իսկապես եղել է՝ կդատապարտի՝ «խոսքով»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ