ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Վահան Բաբայանը այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասացին, որ կառավարության ծրագրի ընդունման ժամանակ իրենց չմասնակցելը ոչ թե քաղաքական բոյկոտ էր, այլ ուղղակի չեն մասնակցել: Ավելին, Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց առաջարկների 90%-ը ընդունվել է կառավարության կողմից, սակայն իրենք չեն մասնակցել քվեարկությանը: Մ. Մելքումյանի խոսքերով՝ այս կառավարության ներկայացրած եռամյա ծրագիրը շատ ավելի համեստ է, քան Տիգրան Սարգսյանի ներկայացրած հնգամյա ծրագիրը. «Որակական եւ քանակական առումներով բավականին համեստ ցուցանիշներ են ընդունված, տնտեսական աճը՝ 5%, միջին աշխատավարձը՝ 65 000, աղքատության կրճատումը՝ 10%, սա ես գնահատում եմ հանգրվանային, միջանկյալ ծրագիր, որի վրա հենվելով ավելի համարձակ քայլեր կլինեն հետո»:
Միքայել Մելքումյանը գտել է պարտադիր կուտակային բարեփոխումների այն ձեւակերպումը, որը լեզվական եւ տրամաբանական սխալ չի պարունակում՝ «Պարտադիր, բայց ոչ ի հաշիվ քաղաքացու»: Ըստ նրա՝ այս բանաձեւով աշխատելու պարագայում հնարավոր է գտնել լուծումներ եւ բարեփոխումներն իրականացնելու համար, եւ քաղաքացիների դժգոհության չարժանանալու առումով:
Լրագրողների հարցին, թե ԲՀԿ-ի գործարար պատգամավորների վրա ճնշումներ չե՞ն եղել, ինչպես ՕԵԿ-ական Կարեն Բաթոյանին նկատմամբ ճնշումների արդյունքում վերջինս ստիպված եղավ «կողմ» քվեարկել կառավարության ծրագրին եւ թողնել խմբակցությունը, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Որեւէ ճնշում չի էլ կարող լինել, ԲՀԿ-ն կայացած եւ կուռ կառույց է, միտված պետականաշինության հզորացմանը»: Հեղինե Բիշարյանը մինչ այդ ենթադրել էր, որ մյուս խմբակցությունների գործարար պատգամավորներին չեն ճնշել հավանաբար այն պատճառով, որ նրանք «լեզու են գտել» իշխանության հետ: Միքայել Մելքումյանը կտրականապես մերժեց այս մոտեցումը. «Մենք ոչ մեկի հետ լեզու գտնելու խնդիր չունենք, հակառակը՝ մեզ հետ են լեզու գտնում»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ