«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը գաղութացված է, որ Հայաստանի Հանրապետությունը մասնատված է գաղութային կառավարման ռեժիմի, որը վերջին տարիներին արդեն, հատկապես սեպտեմբերի 3-ից հետո, ըստ էության սկսում է ձեռք բերել գաղութացման դասական գծեր, եւ փաստորեն, մենք կորցնում ենք մեր ինքնիշխանության դե յուրե վերջին մասնաբաժինները, որովհետեւ դե ֆակտո իշխանություն մենք այդպես էլ ձեռք չբերեցինք»,-այսօր՝ մայիսի 23-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Նախախորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքերով՝ «Նախախորհրդարանի» Հիմնադիր խորհրդարանի նպատակն է Հայաստանում հիմնադրել նոր որակի հայկական պետություն, մարդկային եւ ազգային դիմագծերով պետություն: Պարոն Ավետիսյանը հայտարարեց, որ ամեն ոք չէ, որ կարող է դառնալ Հիմնադիր խորհրդարանի թեկնածու, եւ գոյություն ունեն սահմանափակումներ, դրանք են՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, հատուկ ծառայությունների աշխատակիցները, գործակալները, կուսակցական վերնախավի ներկայացուցիչները: Նա նաեւ հայտարարեց, որ Հիմնադիր խորհրդարանի ընտրող հանձնաժողովն ունենալու է 9 անդամ, որոնցից 7-ի անուններն արդեն հայտնի է, նրանք են՝ Մարիամ Ավագյանը, Զարուհի Գաբոյանը, Տիգրան Եգորյանը, Սիրանյուշ Ղուկասյանն եւ Ժիրայր Սեֆիլյանը, հանձնաժողովի նախագահը Վարդան Գերավետյանն է, իսկ նրա տեղակալը՝ Գայանե Ավագյանը:
Aravot.am-ի հարցին, թե ովքե՞ր կարող են լինել Հիմնադիր խորհրդարանի թեկնածուներ, Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Գերավետյանը պատասխանեց, որ նախ եւ առաջ խորհրդարանը համահայկական գործընթաց է, քանի որ նրան կարող են մասնակցել նաեւ սփյուռքահայերը, նրանց համար նախատեսված է 11 տեղ.
«Հիմնադիր խորհրդարանի անդամ կարող է լինել ցանկացած քաղաքացի: Մենք ունենք տարիքային սահմանափակում՝ 21-27 տարեկանների համար 5 տեղ ունենք, 27-ից բարձր ցանկացած քաղաքացի կարող է դիմել, մեր խնդիրն է քննարկել, նայել՝ ինչքանո՞վ է այդ թեկնածուն ճիշտ ներկայացրել իր տվյալները: Եվ սահմանափակում ունենք ոչ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների համար՝ 5 տեղ: Խորհրդարանի անդամների ընդհանուր քանակը պետք է լինի 65 հոգի»:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե ովքե՞ր են ցանկացել Հիմնադիր խորհրդարանում իրենց թեկնածությունն առաջադրել, պարոն Գերավետյանը նշեց, որ արդեն 20 հոգի ցանկանում են, որոնց շարքում են Վոլոդյա Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Եղիա Ներսեսյանն ու Վրեժ Զատիկյանը: Իսկ առաջադրվելու համար ցանկացողները պետք է հանձնաժողովին ներկայացնեն 300 ստորագրություն.
«Մոտակա օրերին մենք նրանց կտանք թերթիկները, որ լրացնեն եւ գործընթացն արդեն կարող ենք սկսել: Եթե ամեն մի թեկնածու բերի 300 ստորագրություն, այսինքն՝ մինիմում 300 հոգի երաշխավորում են դա արդեն, փաստորեն, ստացվում է մի կառույց եւ գումարվելով՝ բավականին հոծ զանգված է դառնում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ