Մայիսի 23-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին վարկային ու ֆինանսավորման համաձայնագրեր են ստորագրել` կրթության և սոցիալական ոլորտների ծրագրերի իրագործումն ապահովելու նպատակով: Միջազգային զարգացման ընկերակցության հետ ստորագրված համաձայնագրով «Սոցիալական պաշտպանության վարչարարության II ծրագրի» շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21.2 մլն դոլարին համարժեք 13.9 մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ: Ծրագրի նպատակն է բարելավել սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը և հզորացնել դրանք մատուցող, ինչպես նաև սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող մարմինների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթները: Իսկ «Կրթության բարելավման ծրագրի» շրջանակում Հայաստանը կստանա ընդհանուր առմամբ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ, այդ թվում 15 մլն դոլարը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, նույնքան դոլարին համարժեք 9.8 միլիոնի չափով վարկ էլ հատուկ փոխառության իրավունքով (SDR)` Միջազգային զարգացման ընկերակցությունից: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրապետության տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածությունը, բարելավել ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների մատչելիությունը, ինչպես նաև աջակցել բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարելավմանը:
ՀՀ ֆինանսների նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին