Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Երնջակյանը՝ Ստալինի մասին. «Միանշանակ ասել, որ այն, ինչ նա արել է, շատ վատ էր` սխալ է». «Հայոց աշխարհ»

Մայիս 23,2014 13:04

Մինչ Երեւանում տեղադրվելիք Անաստաս Միկոյանի արձանի շուրջ կրքերը նոր թափ են առնում, քաղաքական գործչի 1 մ 70 սմ բարձրության բրոնզաձույլ արձանը, որը Մոսկվայում Միկոյանի գերեզմանի վրա տեղադրված մահարձանի կրկնօրինակն է, արդեն ձուլարանում է։ Դա հաստատել է ձուլման աշխատանքներին հետեւող քանդակագործ Գագիկ Ստեփանյանը: Ամենայն հավանականությամբ այն շուտով կտեղադրվի Երեւանի Իսահակյան-Կորյուն փողոցների խաչմերուկում, եթե, իհարկե, արձանի կանգնեցմանը դեմ դուրս եկած հանրությունը չկարողանա կասեցնել Երեւանի ավագանու որոշումը:

… Միկոյանի արձանի տեղադրմանը կողմ քվեարկած ավագանու անդամները, անգամ պատմաբանների հիմնավորումներից հետո էլ, պնդում են, որ Ա.Միկոյանն այնպիսի մեծության քաղաքական գործիչ է եղել, որ նրա արձանը մեր քաղաքին ու մեր ժողովրդին միայն պատիվ կբերի:

Ավագանու անդամ, բեմադրիչ ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ նույնպես իր ձայնը արձանը կանգնեցնելու օգտին է տվել: Նա հորդորում է ավելի լայնախոհ լինել եւ Միկոյանին դատել իր համաշխարհային մակարդակի դրական գործերով: Ի վերջո, նա համոզված է, որ նման քաղաքական գործիչներին հարկավոր է դատել իրենց ժամանակահատվածի խորապատկերում:

«Այն ժամանակներն ուրիշ էին, եւ այսօրվա դիտանկյունից դատել այդ իրադարձությունները սխալ է: Եթե այդպես դատենք` մենք շատերին կարող ենք համարել ոչ պիտանի մարդիկ, դավաճաններ: Եթե մենք դատում ենք մեկին, պետք է դատենք այդ ժամանակի օրենքներով:

70 տարի հետո շատ հեշտ է ասել, թե այն ժամանակ ինչպես էր հարկավոր վարվել: Ժամանակներն այդպիսին էին, ու այդ մարդը չնայած այդ ժամանակների թելադրանքին ու պահանջներին` կարողացավ այնուամենայնիվ ահագին դրական բան անել ե՛ւ հայ ժողովրդի, ե՛ւ ամբողջ մարդկության համար, ու քննադատությունները չեն կարող ազդել նրա հեղինակության վրա:

Ժամանակին Տոլստոյը չէր սիրում Շեքսպիրին: Բայց նա իրավունք ուներ, քանի որ Տոլստոյն էր: Իսկ եթե մի ոչ երեւելի մեկը կանգնի ու ասի` Շեքսպիրն ո՞վ է, ի՞նչ է իրենից ներկայացրել` դա անլուրջ է:

Հիմա Միկոյանի դեպքն է: Նրա մասին կարող են խոսել, վերլուծել մի քիչ ավելի տեղեկացված մարդիկ: Այն, ինչ ես հիմա լսում եմ ու տեսնում, ինձ համար տհաճ է»,- ասում է Արա Երնջակյանը եւ վստահեցնում, որ եթե արձանի տեղադրման համար նորից քվեարկություն լինի` ինքը կողմ կքվեարկի:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է համարում, որ մի օր էլ պատմությունը վերանայենք եւ Ստալինին ընդունելի համարենք այդ ժամանակների համատեքստում` նա պատասխանեց, որ Ստալինի կենսագրությունը նույնպես միանշանակ չէ: Նրան մեկ համարել են հրաշք մարդ ու հանճար, հետո իրավիճակը փոխվեց, եւ նրան սկսեցին հակառակը ներկայացնել:

Այդ տեսանկյունից` արվեստագետը հավանական է համարում, որ ստալինիզմի ժամանակաշրջանը մի օր այլ կերպ կմեկնաբանվի պատմության էջերում, եւ Ստալինի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը կարդարացվի. «Այն, որ նա դաժանություններ է արել, ես ոչ քննադատում եմ, ոչ էլ գովաբանում, դա էլ գուցե այդ ժամանակների թելադրանք էր, բայց միանշանակ ասել, որ այն, ինչ նա արել է, շատ վատ էր` սխալ է: Դրանք մակերեսային դատողություններ են, որոնք ավելի շատ դասագրքային են»,- պնդում է ավագանու անդամը:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Գայանե says:

    “…Այն ժամանակներն ուրիշ էին, եւ այսօրվա դիտանկյունից դատել այդ իրադարձությունները սխալ է…… Եթե մենք դատում ենք մեկին, պետք է դատենք այդ ժամանակի օրենքներով…Ա.Ե.” Ուրեմն, եկեք արդարացնենք մուղդուսուն, կևորկովին, հիմա էլ՝ նաիրի հունանյանին և շատ նմաններին. արդյո՞ք նրանք էլ են շարժվել ժամանակի օրենքներով… “…Հիմա Միկոյանի դեպքն է: Նրա մասին կարող են խոսել, վերլուծել մի քիչ ավելի տեղեկացված մարդիկ…Ա.Ե.” Պարոն Երնջակյան, մի մտածեք, որ եթե նրա մասին խոսում կամ վեր են լուծում նաև ձեզ կամ հանրությանը անծանոթ մարդիկ, ուրեմն պակաս վաստակ ունեն կատարած այս երկրի համար և պակաս իրավունք ունեն չընդունելու, չհամաձայնվելու արձանի կանգնեցմանը: Ու կարևոր էլ չէ, որ “…Այն, ինչ ես հիմա լսում եմ ու տեսնում, ինձ համար տհաճ է…Ա.Ե.” Արվեստի աշխարհի մարդուն բնավ ոչ սազական մեկնաբանություն…

  2. Գայանե says:

    “…Այդ տեսանկյունից` արվեստագետը հավանական է համարում, որ ստալինիզմի ժամանակաշրջանը մի օր այլ կերպ կմեկնաբանվի պատմության էջերում, եւ Ստալինի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը կարդարացվի…Ա.Ե.”
    Այսինքն, ամեն ինչ կապված է ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆԻՑ: ստալինի հետ կարդարցվի նաև բերիային…Ի՞նչ է եղել որ: Մարդկային, գրոշի արժեք էլ չունեցող կյանքեր ու ճակատագրեր են կործանել ԸՆԴԱՄԵՆԸ… Նման ճկուն մեկնաբաություններով, պատմության էջերում, կարող են արդարացնել ցեղասպանությունը, ազգային արվեստների և արժեքների խեղաթյուրումը և սեփականացումը…

  3. Դավիթ_Մեծահոգի says:

    Միկոյանի արձանը Երևանում տեղադրելը քաղաքապետարանի ավագանու կողմից երբևէ կայացրած ամենասխալ որոշումներից մեկն է; Անգամ Հայաստանի կոմունիստ ղեկավարները չհամարձակվեցին այդ բանն անել, այն դեպքում, երբ ունեյին մի գիշերում որոշում կայացնելու, իսկ առավոտյան արձանը տեղադրելու անսահմանափակ հնարավորություններ:
    Մենք արդեն ընտելացել ենք այն բանին, որ Երևանի Ավագանու որոշոըւմները երբեք չեն բխում քաղաքի, կամ քաղաքացու շահերից : Բերեմ մի թարմ օրինակ.
    Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի արտադրական տարածքի ամենականաչապատ հատվածում մոտ 1000 ծառեր արմատախիլ արվեցին , որպեսզի տեղում կառուցվի ինչպես իրենք են պնդում` քաղցքեղի ճառագայթային բուժման գերժամանակակից կենտրոն(ՃԲԿ), այն դեպքում, երբ այդ նույն տարածքի 70 տոկոսը զբաղեցնում են ենթակառուցվածքներ ունեցող լքված շինություններն ու այլ ամայի տարածքները: Ո՞ւմ հայտնի չէ այն, որ նշված եղանակով քաղցքեղը բուժելն անհնար է: Աշխարհի ամենաառաջավոր կենտրոններն անգամ խոստովանում են, որ իրենք բուժում չեն իրականացնում, պարզապես մարդկանց տառապանքներն են երկարացնում լավագույն դեպքում 1-2 տարով: Ինչևէ, “գերժամանակակից Բլեֆ կենտրոնն” արդեն շինարարական ավարտուն փուլում է և համարելով, որ արդեն իրենց ամեն ինչ կարելի է` նախագիծը փոխել ու ելումուտը Հալաբյան փողոցից տեղափոխում են Ալիխանյան եղբայրների փողոց: Հարևան շենքերի բնակիչները բողոք-նամակ էին ուղարկել քաղաքապետին հերթական ավերածություններից իրենց բնակավայրը զերծ պահելու խնդրանքով : Եվ ի՞նչ է եղել քաղաքապետարանի պատասխանը. ” Հալաբյան փողոցից ելումուտը իրականացնելու համար 3 հաստաբուն ծառեր կտրելը չեն կարող թույլ տալ”: Իսկ որ կենտրոնի տերերի պահանջավ 200-ից ավելի ծառեր ու թփեր պիտի ոչնչացվեն` կարելի է: Իմիջիայլոց, Հաշվի առնելով, որ ՃԲԿ-ն դեռ 2-3 շենք էլ է կառուցելու և զարգանալու է հյուսիսային ուղղությամբ` բնակիչներն առաջարկում են նաև մի տարբերակ, որում օգտագործելով ԵրՖԻ-ի ներկայումս չօգտագործվող մուտքը` թե ելումուտն է ապահովվում Հալաբյան փողոցից, թե բնությանը վնաս չի պատճառվելու, սակայն կենտրոնի տերերն այդ տարբերակն այսպես թե այնպես իրենցն համարելով պահում են հետագայի համար, որպեսզի 2 ելումուտ ունենան, իսկ Ալիխանյան եղբայրների փողոցի կողմից այդ ավերածություններն իրականացնելը ձգձգում են որպեսզի ամառային շոգերի պատճառով բնակիչների մեծ մասը ներկա չլինի, ավելորդ “գլխացավանքից” խուսափոլու համար:

  4. Մարատ says:

    Միկոյանն ինքը իրեն եւ մյուս բոլոր բոլշեւիկներին բնութագրել է կարճ ու դիպուկ ՛՛բոլորս սրիկաներ էինք՛՛ /ռուսերեն՝ ՛՛мерзавцы”/: Առավել սրիկաներ են այդ мерзавец-ներին փառաբանողները:

  5. Գ.Ռուշանյան says:

    Եթե մեզ հաջողվի գտնել մի քանի հարցերի պատասխանները` կարծում եմ ամեն ինչ պարզ կդառնա.
    1. Այդ ինչպե՞ս եղավ, որ Բաքվի կոմունայի գնդակահարումից միայն Միկոյանը փրկվեց:
    2. Ո՞վ էր այն “հայը” , որը թուրքերից շատ էր շահագրգռված` Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու գործում:
    3. Ինչո՞ւ Ստալինը Միկոյանից չազատվեց` ինչպես մյուս հեղափոխական ընկերներից:
    4. Ինչպե՞ս Միկոյանին հաջողվեց ջրի երեսին մնալ հրեշ Իլիչից մինչև Լեոնիդ իլիչը:
    Այս բոլոր հարցերի պատասխաններն իհարկե գիտեն մեր պատմաբանները, սակայն լռում են` հավանաբար վախենալով ինչ որ բանից, որի մասին միայն իրենք գիտեն…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031