Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի թիվ 119 ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ծնողներ, հյուրեր:
Հայաստանի վարչապետը կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել կանաչ ճանապարհ. «Ես հպարտ եմ ձեզանով՝ մեր ապագա սերունդով, և որպես երկրի վարչապետ շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի լավ աշակերտներ»:
Հաջողության հասնելու համար կառավարության ղեկավարը հորդորել է դպրոցականներին լավ սովորել և փորձառություն ձեռք բերել: Հովիկ Աբրահամյանը նաև շնորհակալություն է հայտնել մանկավարժներին ազգանվեր գործունեության՝ ապագա սերունդներին հայրենասիրական ոգով կրթելու և պիտանի մարդ դաստիարակելու համար:
Այնուհետև վարչապետը դիտել է շրջանավարտների պատրաստած տոնական համերգ-միջոցառումը, որի ընթացքում դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իր դպրոցական տարիներին, գործադիրի ղեկավարը նշել է. «Դպրոցական տարիներն ինձ համար հիշարժան տարիներ են եղել, և այն, ինչ այսօր հորդորեցի ապագա սերունդին, մեր շրջանավարտներին, անկեղծ էր: Համոզված եմ՝ եթե լսեն իմ հորդորը, անպայման հաջողություններ կունենան իրենց կյանքում»:
Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ այսօր գիտելիք ձեռք բերելու ավելի լայն հնարավորություններ կան, քան իր ուսանած տարիներին, և իշխանությունը կանի ամեն ինչ՝ ապագա սերունդի կրթման և դաստիարակման անհրաժեշտ միջավայրը ստեղծելու համար: «Նման հանդիպումներից հետո միշտ ոգևորվում եմ և հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունն ունենալու է փայլուն ապագա, և մենք ապագայում ունենալու ենք հզոր Արցախ, հզոր Հայաստան», – եզրափակել է երկրի վարչապետը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ