Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում պարբերաբար հարցազրույցներով հիշեցնում է իր մասին, որը մեկնաբանվում է՝ որպես Քոչարյանի մոտալուտ վերադարձ:
ՀԱԿ նախկին անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այդպիսի վտանգ չի տեսնում. «Նախ, ինքը քաղաքական գործիչ չի, ինքն այդպիսի շնորհք չունի: Օրինակ, ես չունեմ շնորհք վարչապետ լինելու, գործադիր մարմնի: Ես գտնում եմ, որ շնորհք ունեմ օրենսդիր մարմնում լինելու: Ամեն մարդ իր գործն ունի: Ինքը քաղաքական գործիչ չի եւ չի եղել, չի էլ կարող դառնալ, որովհետեւ իր տեսակով այդպիսին չի: Քաղաքականության իր միակ լծակը ֆինանսներն են, ուրիշ ոչ մի բան: Չկա ոչ գաղափար, ոչ հոգի: Ինչո՞վ պիտի ինքը դուրս գա հասարակության առաջ: Պիտի մի խոսք ասի, չէ՞»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Գիմիշյանը:
Մեր դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար շեշտում է, որ իր ժամանակ տնտեսական աճ է եղել՝ Սոս Գիմիշյանը հակադարձեց. «Տնտեսական աճ է եղել, 90 տոկոսն իրենց գրպաններն են գնացել: Տնտեսական աճի նպատակը ո՞րն է՝ որ ժողովուրդը լավ ապրի, չէ՞: Մենք կարող ենք ունենալ տնտեսական աճ, դա կլինի ինքնանպատակ, եթե ամբողջը գնա օլիգարխների գրպանը: Այդ դեպքում իմ ինչի՞ն է պետք այդ տնտեսական աճը կա- չկա: Հակառակը՝ այս հանցագործները փողատեր են դառնում, զենք են առնում ու մեր վրա կրակում են: Այսինքն, այդ տնտեսական աճը ինձ պետք չի, ինձ վնաս է այդ տնտեսական աճը, որը զենք է դառնում: Ինձ կաշառեն, ինձ կեղծեն, ինձ ծնկի բերեն, բաշիբոզուկների բանակ ստեղծեն, բերեն գլխիս դեմ տան,ասեն՝ քվեարկի, կամ սպառնան բանակում երեխայով, մանկապարտեզում՝ թոռներով: Սա է: Տնտեսական աճը ինքնանպատա՞կ է: Դա ընդամենը միջոց է՝ երկիրը հզորացնելու, ժողովրդին լավ ապրեցնելու: Իսկ իրեն թվում է, թե եթե տնտեսական աճ կա, ուրեմն լավ է: Չէ՛, տղա ջան, եթե տնտեսական աճ կա ու բյուջեի 70 տոկոսը թալանվում է, մուտքերի 75 տոկոսը, իսկ ելքերի 70 տոկոսը, այդ տնտեսական աճն ինձ ոչ մի բան չի տալիս: Ես դրանից ինձ լավ չեմ զգում, իմ երեխան ապահովված չի, մաքսայինը վատ է աշխատում, ինչի՞ս է պետք: Պետք չի ինձ ոչ ինքը, ոչ իրա տնտեսական աճը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ