ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում այս պահին շուրջ 100 տուն վաճառքի է հանված։ Ջրառատցիները ստիպված վաճառում են իրենց սեփական տները՝ այլ երկրներում մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանի խոսքով՝ տները վաճառող մարդիկ հիմնականում գյուղի եզդիներն են։ Նշենք, որ գյուղում կան բազմաթիվ տներ, որտեղ տարիներով մարդ չի ապրել, ինչի արդյունքում դրանք հիմա կիսաքանդ վիճակում են։
«Այդ տները տեւական ժամանակ է, ինչ վաճառքի են հանված։ Եզդիներն են, ովքեր մշտական բնակություն հաստատելու նպատակով մեկնում են արտերկիր։ Բայց դե վերջերս այդ տներից երկուսը երկու ընտանիք գնեց»,-տեղեկացրեց համայնքապետը։
Ջրառատի բնակիչ տիկին Սիլվան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված ասաց. «Բա ի՞նչ անեն մարդիկ, հո սոված չեն նստելու տանը։ Ահա հիմա ես կանաչի ունեմ վաճառքի, որը պետք է 30 դրամով վաճառեմ։ Բա դրանով ապրել կլինի՞»։
Ջրառատից եզդիների հեռանալու մասին տեղյակ էր նաեւ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը. «Ես մշտապես ասել եմ ու նորից կասեմ, հայերի հետ հավասար եզդիները գնում են։ Աշխատատեղ չկա, թե չէ՝ այլ խնդիր չկա»։ Թամոյանի տվյալներով՝ եզդիները հիմնականում բնակություն են հաստատում Ռուսաստանի Դաշնությունում։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2014թ. ապրիլի 1-ի դրությամբ 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 15 հազ.100 մարդով կամ 0.5% –ով։ Իսկ տարեսկզբի նկատմամբ բնակչության թվաքանակը նվազել է 4.5 հազար մարդով, ինչն արդյունք է բնական հավելաճի (1.7 հազ.) եւ միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշի (–6.2 հազ. մարդ) տարբերության։
Կարդացեք նաև
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում