Երեկ, ուշ երեկոյան, Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության պետ Միքայել Ահարոնյանից տեղեկացանք, որ Շիրակի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու նրա եղբոր` Ռաֆայելի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Հատուկ քննչական ծառայությունը նյութեր էր նախապատրաստում՝ ստուգելու մամուլում տեղ գտած հրապարակումները: Հիշեցնենք, որ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը մեզ հետ զրույցում մի քանի անգամ հայտարարել էր, որ նման միջադեպ տեղի չի ունեցել, իսկ չեմպիոնի ընտանիքի անդամների հետ մեզ այս ընթացքում կապ հաստատել չէր հաջողվել. նրանք հեռախոսազանգերին չէին պատասխանում:
Նշենք, որ այս թեման այնքան մեծ հասարակական հնչեղություն է ստացել, որ գյումրեցի պաշտոնյաները մեզ` լրագրողներիս, որեւէ պետական կառույցի միջանցքներում տեսնելիս, բարեւելու փոխարեն, հետաքրքրվում են՝ ի՞նչ եղավ Արթուրի ու ոստիկանապետի կռիվը, ինչո՞վ ավարտվեց: Այս հարցադրման պատասխանը փաստորեն երեկ տվեց ՀՔԾ-ն` հայտնելով, որ հանցագործության դեպք տեղի չի ունեցել:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ