Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությանը բխած ունեն. «Ժամանակ»

Մայիս 23,2014 10:05

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը հրաժարվեց Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը քվեարկելուց, սակայն այս հրաժարումով հանդերձ` ակնհայտ է, որ քառյակն այսօր այս կառավարության հանդեպ որդեգրել է, այսպես ասած, սպասողական դիրքորոշում: Միևնույն ժամանակ, ակնհայտ է նաև, որ այս դիրքորոշումը պարզապես լավագույնն է կառավարությանը քննադատելուց խուսափելու համար` ասելով, որ նոր կառավարության գործը տեսնելու համար ժամանակ է պետք:

Այս տեսանկյունից, ժամանակ պետք չէ այլևս` հասկանալու համար քառյակի գործը: Եվ ոչ էլ նոր կառավարության գործը տեսնելու համար է ժամանակ պետք, քանի որ նոր կառավարությունն, ըստ էության, իր գործն անում է արդեն մոտ երկու տասնամյակ: Նոր կառավարությունում մեկ-երկու դեմք կա, որը Հայաստանի իշխանական համակարգում աշխատանքի ավելի քան մեկուկես տասնամյակի փորձ չունի: Մյուս բոլոր դեմքերը այս կամ այն կերպ հանդիսացել են իշխանության առաջին դեմքեր, պարզապես տարբեր այլ դիրքերում:

Այսպիսով, ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունեցել հայաստանյան խորհրդարանում, եղել է ընդամենը հայկական անկախ պետականության տեղապտույտի դրսևորումներից մեկը: Մարդիկ պտտվել են, դասավորվել և վերադասավորվել, ու այստեղ նոր կառավարություն ասվածը և նոր կառավարության ծրագիր ասվածը ըստ էության պայմանականություն է:
Հայաստանում գոյություն ունի իշխանական համակարգի ծրագիր, և այս ծրագիրը անշեղորեն իրականացվում է արդեն մոտ երկու տասնամյակ, և այս ծրագրի ընթացքում նույն մարդիկ տարբեր պաշտոններում պարբերաբար վերարտադրվում են և շարունակում ընդհանուր գործը: Կառավարության ծրագիր ասվածն, ըստ էության, միշտ եղել է և հանդիսանալու է ընդհանուր գործի մի մասնիկն ընդամենը:

Այս ծրագիրն առանձին վերցրած կարող է ունենալ իրականացվող և չիրականացվող մասեր, հաջողված կամ անհաջող մասեր, դրական կամ բացասական արդյունքներ: Եվ երբ մենք այդ ամենին փորձում ենք հենց նման մասնակից շրջանակում էլ մոտենանք և դիտարկենք, ապա ըստ էության կարող է ստացվել, որ մենք ամենևին էլ վատ փաստաթղթի հետ գործ չունենք: Սակայն կառավարության ծրագիրն առանձին դիտարկելը նշանակում է, ասենք, առանձին դիտարկել մի որևէ համապետական ընտրություն: Այն դեպքում, երբ այդ ընտրությունները մեկը բխում են մյուսից:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031