Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ վրայով վարչապետը բան ա՞ հայտարարել»

Մայիս 23,2014 14:40

Գործարար պաշտոնյաները` հարկային դաշտում գործելու մասին

«Ճիշտ ա ասե վարչապետը»,- «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը: Խոսքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կառավարության ծրագիրը ներկայացնելիս արած հայտարարության մասին էր: Վարչապետն ասել էր. «Ստվերը բոլորիս թշնամին է, եւ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ եւ հետեւողական:

Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր: Ուզում եմ եւս մեկ անգամ հայտարարել՝ ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ պահանջելու եմ նույնը կառավարության բոլոր անդամներից»: Այս հայտարարությունը Ձեզ չի՞ վախեցնում` հարցին պատգամավորը հպարտ կեցվածք ընդունեց եւ ասաց. «Իհարկե` ոչ, ընդհակառակը՝ ես շատ ուրախ եմ: Ավելի լավ, մենք սեփականատեր ենք, մենք աշխատում ենք, եւ աշխատում ենք շատ պարզ: Իմիջիայլոց, ինքը շատ թափանցիկ աշխատողների նկատմամբ, ընդհակառակը, արտոնություններ ձեւակերպեց: Հուսով ենք, որ մենք կօգտվենք էդ արտոնություններից»: Հարցին, թե իր կարծիքով՝ Հայաստանում ստվերը շա՞տ է, պատգամավորն ասաց. «Ինչ իմանամ, ես ոնց կարամ ըտենց հարցի պատասխանեմ: Դրա համար պետք է իմանաս երկրի ամբողջ տնտեսությունը, արդյունաբերությունը, արտահանումը, աճը… մեծ ինֆորմացիոն բազա ա պետք, որ նման հարցի պատասխանեմ»: Նկատեցինք, որ պաշտոնական տվյալներով՝ ստվերը մեր երկրում 40 տոկոս է կազմում: «Ես չգիտեմ, չեմ կարա…»,- խոսքը կտրեց պատգամավորը: Հարցին` ինչպե՞ս է իրենց հաջողվել «մաքուր» աշխատել` պատասխանեց. «Մեր ընկերության արտադրանքն այնպիսին ա, որ ինքն ակցիզային հարկով ա հարկվում, իսկ ակցիզային հարկը հաշվարկված հարկ ա: Ներմուծում չի անում, արտահանումը ազատված ա հարկից, ինքն ամբողջ ճյուղն ա թափանցիկ: Եթե դուք էլ զբաղվեք նման գործունեությամբ` գյուղացիների, գյուղմթերքների հետ, երեւի դուք էլ ազնիվ աշխատեք»: Հիշեցրինք, որ Սահմանադրությունը պատգամավորին արգելում է ձեռնարկատիրությամբ զբաղվել, մինչդեռ մեր զրուցակիցն ուրախ-ուրախ պատմում է իր ընկերության գործունեության մասին, նա հակադարձեց. «Դուք ինձ հարց տվեցիք որպես սեփականատեր, այ, երբ տնօրեն կասեիր` կհրաժարվեի»:

Հարկային դաշտում հայտնվելու հեռանկարից սարսափած չէ նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոստան-ույուտ»-ի սեփականատեր Մանվել Բադեյանը: «Հավասար մրցակցային դաշտում գտնվելը ձեռնտու է բոլոր գործարարներին: Եթե հավասար մրցակցությունը խաթարվում ա, դրանից տուժում ա նաեւ էն, ով արտոնյալ վիճակում ա: Վարչապետի ասածի մեջ էդ առումով նոր բան չկա: Նորը միայն էն է, որ դա վերաբերելու է նույնիսկ ամենամոտ մարդկանց»,- ասաց պատգամավորը: Մանվել Բադեյանն ընդհատեց մեր դիտարկումն այն մասին, որ այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանը փաստում է, որ այդ իմաստով նախկին կառավարությունը թերի է գործել` հավելելով, որ չկա մի երկիր, որտեղ այդ խնդիրը գոյություն չունի: Նա արժանահավատ չի համարում պաշտոնական տվյալը` 40 տոկոս ստվերի մասին. «Ոլորտներ կան, որ 40-ի է հասնում: Երկրներ կան, որ 10 տոկոս ա, երկրներ կան` 80»: Այնուհանդերձ, հետաքրքրվեցինք` մի՞թե ոչ ոք պատասխանատվություն չի կրելու նրա համար, որ գործարարների թեկուզ մի փոքր մասը ոչ հավասար մրցակցային դաշտում է եղել: Պատգամավորը պատասխանեց. «Պատժելով կամ ինչ-որ ռեպրեսիվ մեթոդներ ներդնելով չի դա: Դա տնտեսական մշակույթն է, որ պիտի ձեւավորվի: Երկրագնդի վրա էդպիսի երկիր չկա, որտեղ դա կառավարությանը չի կարելի որպես մեղադրանք ներկայացնել: Բայց եթե կառավարությունը չի հասել իդեալին, դա չի նշանակում, որ իդեալն անհասանելի ա ու անպայման պետք ա էդ կառավարությանը պախարակել»:

«Ես բիզնեսմեն չեմ, ես բիզնեսի հիմնադիրն եմ եւ միշտ վճարում եմ իմ հարկերը: Իմ բիզնեսներն ընկնում են արտոնագրված բիզնեսների շարքում, եւ ընդեղ վճարելու կամ չվճարելու ստվեր չի կարող լինել: Ես իմ հարկերը միշտ վճարել եմ ու վճարում եմ: Դա ինձ երբեք չէր կարող կաշկանդել»,- իր դիտարկումը բարձրաձայնեց ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը («Բելաջիոյի» սեփականատեր)` հավելելով, որ երկու ձեռքով կողմ է վարչապետի հայտարարությանը, ողջունում է այդ քայլը: Դիտարկմանը` բոլոր խոշոր գործարարները պնդում են, թե «մաքուր» են աշխատում, այդ դեպքում ինչպե՞ս է ձեւավորվել 40 տոկոս ստվերի մասին պաշտոնական տվյալը, մի՞թե մանր ու միջին բիզնեսն է ստվերի դաշտում, Գրիգորի Մարգարյանը հակադարձեց. «Ստվերային դաշտում ով է աշխատում` ճշտեք ֆինանսների նախարարությունից: Իրանք թող պարզաբանումը տան 40-ի տոկոսային հարաբերակցության: Ինչ վերաբերում ա սեփականատեր Գրիգոր Մարգարյանին` իմ բիզնեսները գտնվում են արտոնագրային վճարի սահմաններում, որեւիցե ստվեր այնտեղ լինել չի կարող»:

«Իմ վրայով վարչապետը բան ա՞ հայտարարել»,- այսպես արձագանքեց ՀՀԿ-ական նախարար Գագիկ Բեգլարյանը մեր հարցին: Ապա լսելով վարչապետի հայտարարությունից մեջբերումը` ասաց. «Ասել ա, ուրեմն կանի: Ես հավատում եմ մեր վարչապետին»: Նկատեցինք, որ ինքն էլ է գործարար: Նախարարը արագ արձագանքեց. «Ես միշտ եղել եմ հարկային դաշտում ու ամենաօրինական հարկատուն եմ եղել»: «Առավոտի» դիտարկումն այն մասին, որ երեկ վարչապետը նաեւ հայտարարեց, որ պաշտոնն ու բիզնեսն անհամատեղելի են, ու նման մարդիկ իրենց հետ անցնելու ճանապարհ չունեն, մինչդեռ Գագիկ Բեգլարյանն այժմ ուղղակիորեն հաստատեց, որ ինքը համատեղում է պաշտոնն ու բիզնեսը` մնաց անպատասխան: «Ժամանակ չունեմ, մնացած հարցերը…»,- ասաց Գագիկ Բեգլարյանն ու մտավ ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի աշխատասենյակ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Մեկը հարբած է գալիս խորհրդարան, մյուսը փողոցային բառապաշարով է խոսում… Սա է մեր իրականությունը, սրանից են մարդիկ փախնում……..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031