Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կառավարության դպրոցաշինության ծրագիրը տարիներով չի ավարտվում

Մայիս 23,2014 14:25

Վերահսկիչ պալատը քաղաքաշինական ոլորտում կոռուպցիայի հոտ է առնում
Չկատարված աշխատանքների դիմաց՝ վճարումներ, անորակ աշխատանքներ, գների արհեստական թանկացումներ, նախագծային եւ շինարարական աշխատանքների տարաբնույթ խախտումներ, թերի եւ սահմանված կարգի խախտումներով իրականացված տեխնիկական եւ հեղինակային հսկողություն եւ այլն:

Այսպիսի խախտումներ է արձանագրել ՀՀ Վերահսկիչ պալատը՝ ստուգելով մեր երկրի քաղաքաշինական ոլորտը: Նշենք, որ պալատը 2008 թվականից սկսած՝ վերահսկում է բյուջետային միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների օրինականությունն ու արդյունավետությունը: ՎՊ-ն, մասնավորապես, մի շարք խնդիրներ ու թերություններ է հայտնաբերել դպրոցաշինության ծրագրում: Փաստելով, որ կրթական օբյեկտների շինարարության, վերակառուցման եւ հիմնանորոգման համար պահանջվել է 33,031,584.0 հազար դրամ, որից 2006-2012 թվականների ընթացքում արդեն ծախսվել է 17,032,943,546.0 հազար դրամը, պալատն արձանագրում է, որ չնայած դրան՝ որեւէ օբյեկտի շինարարություն չի ավարտվել:

«Բացի վերը նշված գումարից՝ վերանախագծվող թվով 26 օբյեկտների տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների արդյունքում հնարավոր է ծախսվեն եւս զգալի գումարներ»,- ասված է Վերահսկիչ պալատի՝ վերջերս հրապարակված հաշվետվությունում: ՎՊ մասնագետները գտնում են, որ այդ ամենի պատճառն այն է, որ ժամանակին՝ ծրագրերը սկսելիս, կառավարությունը հիմնանորոգվող, վերակառուցվող շենքերի ուժեղացման կամ սեյսմակայունության բարձրացման վերաբերյալ հարցերը պատշաճ չի ուսումնասիրել: Պալատի մեկնաբանմամբ՝ ՀՀ կառավարության դպրոցաշինության ծրագիրը տարիներ շարունակ չի ավարտվում: Ավելին՝ հստակեցված չեն պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերջնական ժամկետները. «Նման մեթոդով իրականացվող դպրոցաշինության ծրագիրը հարցականի տակ է դնում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը»,- նկատում են ՎՊ-ի պատասխանատուները:

Անցյալ տարի Վերահսկիչ պալատն ընտրանքային կարգով ստուգել է 11 կրթական օբյեկտ, որոնց պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 878,400 հազար դրամ, որի շրջանակներում հսկիչ-չափագրման է ենթարկվել 407,900.0 հազար դրամի ծավալային աշխատանք: Արդյունքում պալատն արձանագրել է 4,982 հազար դրամի անորակ աշխատանք:

Ըստ պալատի մասնագետների. «Վերահսկիչ պալատի վերլուծությունները ցույց են տալիս, որ շինարարության ոլորտում դեռեւս առկա են լրջագույն կոռուպցիոն ռիսկեր, որոնք հատկապես արտացոլված եւ կենտրոնացված են շինարարության ծրագրավորման եւ նախագծանախահաշվային փուլերում, ինչպես նաեւ շինարարության անկատար եւ ոչ կենսունակ հսկողության համակարգերում: Վերահսկողության ընդհանուր արդյունքները վկայում են, որ ոլորտում առկա ռիսկերի եւ խնդիրների առանցքում շարունակում են մնալ նախահաշիվներում ուղղակի ծախսերի վրա կիրառվող տոկոսադրույքների ուռճացված չափերը»:

Պալատի՝ այսօրինակ խախտումները «ջրի երես» հանելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը համատեղ վերանայել են այդ տոկոսադրույքների չափերը, սակայն հետագայում Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք ամենեւին անաչառ չեն եւ չեն արտացոլում իրական պատկերը: ՎՊ-ն գտնում է, որ տոկոսադրույքների վերանայումը որեւէ կերպ չի կարող բացասաբար ազդել շինարարության որակի վրա: Պալատի մասնագետները հաշվարկել են ու պարզել, որ «չկորցնելով որակը՝ արդյունքում պետությունը յուրաքանչյուր տարի կարող է տնտեսել նախատեսված շինարարական ծավալի 19%-ի չափով գումար»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական եւ համայնքային բյուջետային միջոցներով, վարկային միջոցներով եւ դրամաշնորհներով 2013 թվականին շինարարության ոլորտում ծախսվել է մոտավորապես 200.0 մլրդ դրամ գումար, ապա այս պարագայում, ինչպես վստահեցնում են պալատի պատասխանատուները, հնարավոր տնտեսումը կարող էր կազմել 38.0 մլրդ դրամ:

Ուղղակի ծախսերի վրա կիրառվող տոկոսադրույքները՝ կախված շինարարական օբյեկտից եւ աշխարհագրական դիրքից, համաձայն ՀՀ կառավարության որոշման, կարող են տատանվել 75.2%-ից մինչեւ 116.5%:

Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր պետական մարմինների եւ կառույցների կողմից պատվիրված նախահաշիվներում կիրառվում են տարբեր տոկոսադրույքներ, մասնավորապես՝ եթե քաղաքաշինության նախարարության դեպքում այն կիրառվում է 69-77%, մարզպետարանների դեպքում՝ 67-80%, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեպքում՝ 74-81%, որոշ ԾԻԳ-երի կողմից՝ մինչեւ 103%, ապա ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամի դեպքում այն կազմում է պարզապես 47%: Ուշագրավ է, որ ՎՊ մասնագետների՝ տեղում կատարած համեմատական ստուգայցերը ցույց են տվել, որ ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամի դեպքում կատարված նմանատիպ շինարարության որակն ամենեւին չի զիջում մյուս մարմինների կողմից իրականացված շինարարության որակին:
Ստացվում է, որ պետությունը միեւնույն բնույթի աշխատանքների պարագայում մի դեպքում շատ է ծախսում, իսկ մյուս դեպքում՝ քիչ: Վերահսկիչ պալատի կարծիքով՝ նախահաշիվներում ուղղակի ծախսերի վրա կիրառվող տոկոսադրույքները անհրաժեշտ է կրճատել 19%-ով: Այդ առաջարկությունը պաշտոնապես ներկայացվել է ՀՀ կառավարությանը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031