Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Գրիգոր Գասպարյանի հայցով դատական վճիռը՝ ընդդեմ Երեւան համայնքի, ի դեմս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի: Հայցվոր Գասպարյանը պահանջում էր դատարանից, որ Երեւանի քաղաքապետարանից բռնագանձեն այն վարձավճարը, որը նա եւ իր ընտանիքի մյուս անդամները՝ տիկին Նվարդը, Հասմիկ եւ Հայկ Գասպարյանները վճարել են քաղաքապետարանի փոխարեն:
Հայցվորների ընտանիքի եւ քաղաքապետարանի միջեւ կնքվել էր նախնական պայմանագիր, որում նշվում էր այն հանգամանքը, որ, եթե կառուցվող շենքում նախատեսված նոր բնակարանը մինչեւ 2012 թվականի նոյեմբերի մեկը չհանձնվի շահագործման, ապա այդ դեպքում քաղաքապետարանը պարտավորություն է ստանձնելու 2012 թվականի նոյեմբերի մեկից հետո վճարել Գասպարյանների ընտանիքի վարձակալած բնակարանի վարձը՝ մինչ նոր բնակարանը կտրամադրվի: Ի դեպ, նշենք, որ հայցվորների բնակարանը գտնվել է Շինարարների փողոցի 15 շենքում, որը համարվել էր 4-րդ կարգի վթարային եւ այն ենթակա էր մոնտաժման: Հայցվորների անվտանգության համար քաղաքապետարանից առաջարկվել է ազատել վթարային շենքի բնակարանը: Ինչպես պատասխան հայցադիմումում նշում է քաղաքապետարանից որպես պատասխանող Լուսինե Պապյանը՝ «Շինարարների փողոցի թիվ 15 շենքի 1-ին մուտքը գտնվել է փլուզման եզրին, բնակիչներին առաջարկվել են բնակարաններ առկա պատրաստի բնակելի ֆոնդից, կամ նոր կառուցվող Սիսակյան փողոցի թիվ 22 շենքից: Հայցվորները ցանկացել են բնակարան նոր կառուցվող շենքից եւ համաձայնել սպասել մինչեւ շենքի կառուցումը»: Ի դեպ, Գասպարյաններն այդ առաջարկից հետո կնքել են նախնական պայմանագիր, որի մասին արդեն նշեցինք: Այդ պայմանագրի պարտավորությունը չի կատարվել քաղաքապետարանի կողմից, քանի որ իրենց մոտ գտնվող պայմանագրի օրինակը հաստատված չի եղել նոտարական կարգով:
ատասխանող կողմը դատաքննության ժամանակ անդրադառնալով այդ հարցին՝ ասել է. «Այն պայմանագրերը, որոնք հաստատված չեն նոտարական կարգով՝ իրավական հիմք չունեն եւ առոչինչ են»:
Ուշագրավ է, հայցվորի ներկայացուցիչը՝ Մարո Խաչատուրյանը, դատարան էր ներկայացրել Գասպարյանների պայմանագրի օրինակը, որը հաստատված է եղել նոտարական կարգով: Փաստորեն, դատարանը նաեւ վճռում ընդունել է, որ նախնական պայմանագիրը չի կարող առոչինչ համարվել, քանի որ հայցվորի մոտ գտնվող օրինակը ստորագրված եւ հաստատված է նոտարով: Դատարանը հայցը մերժել է մեկ այլ վերլուծությամբ: Դատական նիստերը նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանն ընդունելով, որ պայմանագիրը պահպանում է իրավական լինելու բոլոր հիմքերը՝ վճռում նշել է, որ պայմանագրում նշված չէ, թե որքան գումար պետք է վերադարձնի Երեւանի քաղաքապետարանը, իսկ հայցվորի ներկայացուցչի բերած փաստարկներն այն մասին, թե՝ սկզբում քաղաքապետարանը համահայցվորներին տրամադրել է վարձակալվող բնակարանի վարձավճար՝ միայն երկու ամսվա համար (140.000 դրամ՝ 70. 000 ՀՀ դրամ ամսական), դատարանն անհիմն է համարել եւ պատճառաբանել, որ (մեջբերում եմ վճռից). «Հայցվորների ներկայացուցիչ Մ. Խաչատուրյանը հայցադիմումի լրացման մեջ նշել է, որ պատասխանողը, կատարելով հաշվարկ` հայցվորներին 2011թ. մայիս-հունիս ամիսներին որպես վարձավճար տրամադրել է 140 000 ՀՀ դրամ գումար՝ երկու ամսվա համար, այսինքն՝ մեկ ամսվա համար յոթանասուն հազար ՀՀ դրամ գումար: Նշվածից, սակայն, պարզ չէ, թե ինչ հիմքով եւ ինչ աղբյուրից է գոյացել նշված գումարը, առավել եւս, որ այն հայցվորներին տրամադրվել է 2011 թվականի մայիս-հունիս ամիսների համար, մինչդեռ համաձայն նախնական պայմանագրի` պատասխանողի` հայցվորներին ժամանակավոր կացարանում բնակվելու վարձավճարի գումարը վճարելու պարտավորությունը առաջանում է 2012թ. նոյեմբերի 1-ից»: Ի դեպ, երկու ամսվա համար տրամադրված վարձավճարը քաղաքապետարանը տրամադրել է նախնական եւ ըստ պայմանագրի՝ պետք է շարունակեր վճարել, եթե մինչ 2012 թվականի նոյեմբերի մեկը Գասպարյանների ընտանիքին շահագործման չհանձներ նոր բնակարանը: Փաստացի, հայցվորների ընտանիքը մինչ նոր բնակարանի տրամադրումը (որն արդեն իսկ տրամադրվել է սեփականության իրավունքով՝ Սիսակյան փողոցի 22 հասցեում կառուցված շենքի թիվ 18 բնակարանը, կնքվել է սեփականության հիմունքով պայմանագիր եւ տրվել վկայական՝ 13.07.2013թ.), 9 ամիս շարունակ բնակվել են վարձակալված բնակարանում եւ իրենց սեփական միջոցների հաշվին վճարել բնակարանի վարձավճարը:
Պատասխանող կողմն անդրադարձել էր նաեւ այն հարցին, թե՝ հայցվոր կողմը չի ներկայացրել փաստաթուղթ (պայմանագիր), որտեղ նշված կլիներ, թե ամսական որքան վարձավճար է վճարել վարձակալված բնակարանի սեփականատիրոջը:
Կարդացեք նաև
Ընդհանուր հաշվով՝ հայցվորը քաղաքապետարանից պահանջում էր իրեն վերադարձնել ինն ամսվա վարձավճարը, որը, ըստ հաշվարկի, կազմել է 630. 000ՀՀ դրամ:
«Առավոտի» հետ զրույցի ժամանակ պարոն Գասպարյանը վճռականորեն ասաց, որ բողոքարկելու է Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Այն, որ Գասպարյանների եւ քաղաքապետարանի միջեւ կնքվել էր նախնական պայմանագիր եւ հաստատվել էր նոտարական կարգով՝ փաստ է եւ այն, որ նշված ժամանակահատվածում համահայցվորները դեռ բնակվել են վարձավճարով բնակարանում՝ նույնպես անհերքելի է, սակայն, ըստ պայմանագրի, այդ ժամանակահատվածում քաղաքապետարանը պարտավոր էր Գասպարյանների ընտանիքին տրամադրել վարձակալված բնակարանի վարձավճարի չափով գումարը, որը չի տրամադրել: Այլ հարց է, թե որքան գումար պետք է տրամադրի քաղաքապետարանը եւ այլ հարց է՝ պարտավոր է տրամադրել, թե՝ ոչ: Երկուստեք կնքված պայմանագրում հստակ գրված է, որ հենց քաղաքապետարանը պետք է վճարի հայցվորների վարձակալած բնակարանի վարձավճարը, սակայն գրված չէ, թե որքան, չնայած՝ դեռ սկզբում քաղաքապետարանը տրամադրել է երկու ամսվա վարձավճար (ամսական 70.000 ՀՀ դրամի չափով), իսկ որից հետո՝ այլեւս չի տրամադրել, եւ Գասպարյանները ստիպված են եղել վճարել սեփական միջոցների հաշվին:
«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Մարո Խաչատուրյանն ասաց. «Դատավորը չի անդրադարձել հայցադիմումում տեղ գտած վարձավճարի չափի մասին՝ 70.000 ՀՀ դրամ, որը հայցվորը ձեռք է բերել իր ու պատասխանող կողմի երկուստեք համաձայնությամբ: Այն, որ դատավորը կարող էր այդ գումարի տրամադրման մասին հստակ տեղեկություն պահանջել պատասխանողից, թե որտեղի՞ց են երկու ամսվա գումար տրամադրել եւ ինչի՞ հիման վրա, ապա դա էլ չի կատարել եւ այդ մասով ապացուցման բեռը կրում է պատասխանողը: Բացի դա, դատավորը վճռում նշում է, որ խախտվել է մարդու իրավունքը եւ որ ինն ամսվա վարձավճարը պետք է վճարեր քաղաքապետարանը, սակայն, այդուհանդերձ, հարցին լուծում չի տրվել»:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ