«Առավոտը» բազմաթիվ բողոքներ է ստանում աշխատանքի պետական տեսչության գործունեության հետ կապված: Բողոքների թիրախը ոչ այնքան նրա տված եզրակացություններն են, որքան այն, որ դատարանները դրանք հաշվի չեն առնում:
Աշխատանքային գործող օրենսգրքի համաձայն, գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, այլ նորմատիվ դրույթների կատարման ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի դրույթների կատարման նկատմամբ պետական հսկողություն եւ վերահսկողություն իրականացնում է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը:
Տեսչությունը ստեղծվել է կառավարության 29. 07. 2004 թ. թիվ 1146-Ն որոշմամբ, որպես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ ունեցող մարմին:
Տեսչությունը գործում է 2005թ. «ՀՀ աշխատանքի տեսչության մասին» օրենքի համաձայն:
Քաղաքացիական գործերով, մասնավորապես, աշխատանքի վերականգնման հարցերով դատական գործընթացների ժամանակ հայցվորը, որն իր իրավունքներն է վիճարկում, դիմում է սովորաբար աշխատանքի պետական տեսչությանը: Վերջինին կարող է դիմել նաեւ լիազոր մարմինը:
Տեսչությունը կարող է տվյալ գործատուի մոտ անցկացնել ոչ ծրագրային ստուգումներ, գործատուին կարող է առաջարկներ ներկայացնելու համար փորձագիտական եզրակացություն պահանջել:
Տեսչությունը հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում աշխատատեղում պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի, աշխատողների խախտված իրավունքների դեպքում:
Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի աշխատակից Ա. Իսախանովին ազատել էին արձակուրդում գտնվելու ժամանակ:
Տեսչությունը ուսումնասիրել էր դիմումատուի գործը, հանգել նրան, որ խախտվել են Ա. Իսախանովի իրավունքները, որ նրան գործատուն ազատել է՝ ոտնահարելով Աշխատանքային օրենսգրքի մի շարք պահանջներ:
Սակայն դատական ակտի կայացման ժամանակ տեսչության դիրքորոշումը տեղ չգտավ այնտեղ, ինչպես լինում է նմանօրինակ գործերում:
«Գործատուի դեմ անզոր է թե տեսչությունը, թե դատարանը»,- ասում է դպրոցներից մեկի՝ օրերս ազատված ուսուցիչներից Կ.Հարությունյանը:
«Աշխատանքի պետական տեսուչը հանդես է գալիս պետության անունից, գտնվում է պետության պաշտպանության ներքո, անկախ է պետական մարմիններից:
Ինչպես կարող է նա գտնվել պետության պաշտպանության ներքո, բայց լինել անկախ պետությունից»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասում է ներկայումս գործազուրկ Ա.Հունանյանը:
Աշխատանքի պետական տեսչությունը հաստատված էր համարել այն, որ գործատուն՝ առանց պայմանագրային հարաբերությունների, օրավարձով աշխատեցրել է Ա.Հունանյանին, բանավոր պայմանավորվածության համաձայն են եղել աշխատանքային իրավահարաբերությունները, որ գործատուն աշխատեցրել է նրան սահմանված ժամանակից ավելի, որ չի վճարել այն գումարը, որը պետք է տրվեր Ա. Հունանյանին:
Սակայն դատարանը մերժել է հայցվորին, հետեւաբար, նաեւ աշխատանքի պետական տեսչությանը, եւ ստացվում է, որ նմանօրինակ եզրակացությունները կրում են ձեւական բնույթ:
Մեր զրուցակիցները հիշեցնում էին, որ գոյություն ունի տեսուչների գործողության հետեւանքով պատճառված վնասի հատուցման հնարավորություն:
Իսկ մենք քանի նման դեպք ունենք:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ