Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի հետ:
– Ո՞րն է պատճառը, որ վերջին 4-5 տարում լավագույն ավանդույթներով հարուստ բալետային խումբը դարձել էր քննադատությունների թիրախ: Մինչդեռ 2013թ. վերջերին, երբ «Առավոտը» հարց ուղվեց աշխարհահռչակ խորեոգրաֆ Բորիս Էֆմանին, թե մտադիր չէ՞ Սանկտ Պետերբուրգի իր նորաբաց բալետի ակադեմիայում ընդգրկել նաեւ հայաստանցի արտիստների, մեր զրուցակիցը պատասխանել էր, որ ինքը կամ ակադեմիան նրանց տալու ոչինչ չունեն: Նաեւ հավելել՝ դուք ծանո՞թ եք արեւմտյան բեմերում փայլող, Երեւանի պարարվեստի քոլեջում ուսում առած մի քանի տասնյակի հասնող հայ արտիստներին…
– Բոլոր ժամանակներում հայկական բալետը, մասնավորապես՝ մենապարողները, մշտապես փայլել են թե մեր, թե արտերկրյա բեմերում: Եթե ղեկավարը տեւական ժամանակահատված ինչ-ինչ պատճառներով անտարբերության է մատնում կոլեկտիվը, դրա արդյունքում նույնիսկ հասարակության մեջ է ձեւավորվում թյուր կարծիք, թե մերօրյա բալետում ինչ-որ բան թերի է… Շուրջ մեկ ամիս առաջ, երբ մտա թատրոն, առաջինը, որ ինձ իսկապես վախեցրեց, լուրն էր, թե մեր թատրոնի «Գայանե» բալետը առաջիկայում կներկայացվի Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Վախեցրեց, որովհետեւ ես խմբին լավ ծանոթ չէի, շատերին չգիտեի, գաղափար չունեի նույնիսկ որակի մասին: Հիմա արդեն ծանոթացել եմ ու վստահ կարող եմ ասել, որ ունենք իսկապես հիանալի բալետային խումբ: Բարձր արվեստ ներկայացնելուց բացի, առաջին հերթին կարեւորում եմ կագապահությունը, կարգուկանոնը, ինչը զարմանալիորեն անդրադառնում է ներկայացումների վրա: Հիմա մենք առանձին-առանձին աղջիկների եւ տղաների հետ «մաքրում» ենք «Գայանեի» համարները:
Կարդացեք նաև
– Սրտացավորեն եք խոսում «Գայանեի» մասին, ինչը 1970-ականների սկզբին Դուք եք բեմադրել…
– Չկա «իմ ու քո» հասկացություն: Ինչպե՞ս կարող եմ չհավանել, չսիրել, ասենք՝ Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով Խաչատրյանի «Սպարտակը»: Անվանի արվեստագետը փորձերին մշտապես հրավիրում էր ինձ, խորհրդակցում, կարծիք հարցնում… Ի վերջո, Գրիգորովիչն էր, որ ժամանակին ինձ հնարավորություն ընձեռեց բեմ բարձրանալ Մեծ թատրոնում:
– Բալետային խաղացանկում միայն Գրիգորովիչի «Սպարտակը» չէ, այնտեղ տեղ են գտել նախկին գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի մեկ գործողությամբ 6 բալետները ու Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը: Չե՞ք պատրաստվում վերանայել եղած խաղացանկը:
– Խաղացանկն իսկապես վերանայելու կարիք ունի: Մյուս կողմից՝ հանելը հեշտ է, ավելացնելն է դժվար, այն էլ՝ բարձրարվեստ ու բարձրակարգ բեմադրություններով: Վերջին տարիներին թատրոնի խաղացանկից չգիտեմ ինչ պատճառով հանվել են Ռոդիոն Շչեդրինի «Կարմենը» (բեմադրիչ՝ Ա. Գրիգորյան), Ադանի «Ժիզելը», «Լորկիանան» (բեմադրիչ՝ Մ. Մնացականյան)… Վստահ եմ, որ թատրոնի տնօրինությունը ջանք եւ միջոցներ չի խնայի այդ գլուխգործոցները խաղացանկ վերադարձնելու համար: Ինձ այսօր առաջին հերթին մտատանջում է Խաչատրյանի «Դիմակահանդեսը», ինչի բեմադրական աշխատանքներն արդեն սկսել եմ: Ժամանակին այն բեմադրել էին Նատալյա Ռիժենկոն եւ Վիկտոր Սմիրնովը: Ըստ իս՝ այն ձգձգված էր, կային նույնիսկ կրկնվող երաժշտական հատվածներ: Հավանաբար նոր թատերաշրջանի սկզբում «Դիմակահանդեսը» երեք գործողության փոխարեն հանդիսատեսին կներկայացնենք 2 գործողությամբ: Իմ բեմադրությամբ շատ գեղեցիկ մանկական ներկայացում ունեինք՝ Մանսուրյանի «Ձյունե թագուհին»: Մութ տարիներին էլ, երբ թատրոնը փակվեց, բեմադրել էի Ճգնավորյանի «Օթելլոն», որն ընդամենը երկու անգամ բեմ բարձրացավ, հետո տեղեկացա, որ ժամանակի ընթացքում զգեստները շարքից դուրս են եկել;
– Մինչ Ձեր նշանակվելը կարծիքներ էին հնչում, որ եթե Վիլեն Գալստյանն է լինելու գլխավոր բալետմայստեր, ուրեմն մոդեռն ներկայացումներ խաղացանկում չեն հայտնվի:
– Նման բան չկա: Այդ առիթով հրավիրել մեծանուն խորեոգրաֆների՝ մեծ հաճույք է: Ժամանակակից, մոդեռն աշխատանքների մասին մտածել եմ: Պիտի կապվենք արեւմտյան թատրոններում հանդես եկող մեր տղաների հետ, որոնք տարիներ շարունակ աշխատում են լավագույն մասնագետների հետ: Տղաներից ոմանք իրենք են արդեն իրականացնում մոդեռն բեմադրություններ: Թեեւ մեր թատրոնի առաջնակարգ արտիստներ Ժակլին Սարխոշյանը, Աննա Կոստանյանը, Ռուբեն Մուրադյանը, Սեւակ Արզումանյանը խոստումնալից փորձեր անում են ժամանակակից ու մոդեռն ուղղություններում, այդուհանդերձ, կարծում եմ, որ միայն մեր ուժերն այստեղ բավարար չեն:
– Թեեւ թատրոնի բալետային խմբում միայն Երեւանի պարարվեստի քոլեջի շրջանավարտներն են, սակայն վերջին տարիներին քոլեջ-թատրոն կապը կտրվել էր…
– Դա այդպես է: Նույնիսկ դադարեցվել է «արտադրական պրակտիկա» ասվածը: Իհարկե, քոլեջի ուսանողները պետք է այցելեն թատրոն ոչ թե հանդիսատեսի կարգավիճակով, այլեւ լավագույնները մասնակցեն ներկայացումներին: Այդպես եղել է միշտ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` «Գայանե» բալետը՝ Վիլեն Գալստյանի բեմադրությամբ:
«Առավոտ» օրաթերթ