Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց հետաքրքիր էր թառը՝ որպես էթնիկ նվագարան»

Մայիս 23,2014 13:45

«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնիկ ջազային խումբը
«Made in New York Jazz» փառատոնից վերջերս է վերադարձել

Փառատոնի մասին նրանց տեղեկացրել էին հենց կազմակերպիչները. մրցույթի հիմնադիր Միխայիլ Բրովկինը, համացանցում լսելով խմբի կատարումները, հավանել էր հայկական էթնիկ երաժշտությունը, ծանոթացրել մրցույթի պայմաններին, հետո առաջարկել, որ նրանք էլ մասնակցեն: Հայկական խումբը նախ պետք է հաջողություն գրանցեր առցանց քվեարկությունում:

Այսպես մեկ տարի տեւողությամբ առցանց քվեարկության արդյունքներով «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնիկ ջազային խումբը՝ Միքայել Ոսկանյանի հեղինակած «Take six» ստեղծագործությամբ, 250 երկրներից գրավեց երկրորդ տեղը եւ արժանացավ միջազգային նշանակությամբ փառատոնի մասնակցության իրավունքին:

Մինչ Ամերիկա հասնելն անցած ճանապարհի, նյույորքյան փառատոնում անցկացրած օրերի, տպավորությունների մասին «Առավոտը» զրուցել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի հիմնադիր Միքայել Ոսկանյանի հետ:

Երկնաքերերի քաղաքում փառատոնային օրերը, ըստ Միքայել Ոսկանյանի՝ հիանալի էին: Սակայն մինչ փառատոնին «հասնելը»՝ երաժշտին ոգեւորել էին օնլայն քվեարկության արդյունքները: Ասում է՝ դրանք ոչ միայն պայմանավորված էին նրանով, որ իրենք համացանցով շատ էին տարածում, այլեւ շատ անծանոթների գրավել էր երաժշտությունը, նրանք նույնպես կամավոր տարածում էին հայկական խմբի կատարումը: Իրենց ներկայացրած ստեղծագործության մասին կարծիքները հիմնականում դրական էին, եղած քննադատություններն էլ միայն բարի կամքի դրսեւորում էին: «Դրանք հիմնականում մասնագիտական էին, որոնք վերաբերում էին երգի կոնստրուկցիային, գործիքավորմանը»,- ասում է նա եւ ավելացնում՝ հիշարժան էր այն, որ արտասահմանցի քվեարկողների մոտ մեծ էր հետաքրքրությունը հայկական էթնիկ գործիքի եւ երաժշտության նկատմամբ:
Փառատոնին մասնակցելու հետ կապված ծախսերը պետք է հոգար երկիրը ներկայացնող երաժշտական խումբը: «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ»-ը դիմել է պետական աջակցությանը եւ ստացել այն, ինչպես նաեւ խմբի կեցությունը, սնունդն ու տեղաշարժն ապահովել է «Հայաստանի մանուկներին» հիմնադրամը:

Մի առիթով Միքայել Ոսկանյանն ասել է. «Ցանկացած երաժշտական գործիք, եթե ուշադրության արժանանա տեղում, եւ միջոցներ ձեռնարկվեն այն դրսում պատշաճ ներկայացնելու, մեծ ճանաչելիության կարող է հասնել»: Հիմա արդեն, հաշվի առնելով իրենց ցուցաբերված օգնությունը, կարծում է՝ իր ցանկությունը կատարվում է. «Ինչի համար շատ շնորհակալ եմ: Կարծում եմ՝ արդեն առաջընթաց կա՝ երաժշտության գնահատման առումով:

Հուսով եմ, որ հետագայում ավելի կգնահատվեն ազգային արժեքները եւ ներդրումներ կանեն, որ այն զարգանա»:

Մայիսի 3-ին Նյու Յորքի BMCC Tribeca Performing Arts Center համերգասրահում մեկնարկեց «Made in New York Jazz» փառատոնը: Այս մասին խոսելիս Միքայել Ոսկանյանը ուրախությամբ է հիշատակում՝ իրենց խմբի համար մեծ հպարտություն էր համաշխարհային ջազի կենդանի լեգենդների՝ Ռենդի Բրեքերի, Ջո Լովանոնի, Լենի Ուայթի հետ հանդիպելը եւ միեւնույն բեմում ներկայանալը: Ասում է՝ փառատոնի եւ՛ մասնակիցները, եւ՛ ունկնդիրները հետաքրքված էին հայկական երաժշտական գործիքով: «Ասում էին, որ շատ հետաքրքիր է, շատ լավ գործիք է, իրենց հետաքրքիր էր թառը՝ որպես էթնիկ նվագարան: Ես նրանց ներկայացնում էի հայկական գործիքը»,- ասում է նա: Ըստ Միքայել Ոսկանյանի՝ նմանատիպ փառատոներին մեր երկրի մասնակցությունը պետք է անընդհատ լինի. «Որովհետեւ նման փառատոների միջոցով է, որ երկիրը իր դեմքը ցույց է տալիս, դրանով ավելի հեշտ է ներկայանալը»:

Հայկական խմբի համար այդպիսի փառատոնի մասնակցելը մեծ ձեռքբերում էր: «Ե՛ւ զգացմունքային, ե՛ւ մասնագիտական առումով փառատոնը շատ մեծ ազդեցություն ունեցավ: Միայն այն, որ քո խումբը ու դու, որպես երաժիշտ, նվագում եք նյույորքյան հայտնի բեմերից մեկում՝ աշխարհահռչակ ջազային կատարողների հետ միաժամանակ, արդեն մեծ ասելիք է իրենից ներկայացնում ու մեծ պատասխանատվության զգացում է առաջացնում: Միայն շփումն այդպիսի երաժիշտների հետ, փորձեր անելը, ամենամեծ ձեռքբերումն է, որ կարող էինք ունենալ՝ երկու տարվա խումբ լինելով»,- ասում է Միքայել Ոսկանյանը, ավելացնում, որ փառատոնից հետո մի շարք այլ փառատոների հրավերներ, գործնական առաջարկություններ են եղել, հիմա էլ պատրաստվում են դրանց մասնակցելուն:

Նյու Յորքում լինելով՝ երաժշտական խումբը չէր կարող չհանդիպել հայկական համայնքի հետ եւ այստեղ համերգ չունենալ: Ըստ Միքայել Ոսկանյանի, նրանց ջերմ ընդունեցին. «Ոմանք կարոտել էին»:

Մեզ հետ մեկ այլ զրույցում՝ դեռ անցած տարի, երաժիշտը ցանկություն էր հայտնել, որ հայ երիտասարդների մեջ սեր արթնանա հայկական ազգային նվագարանների նկատմամբ, հիմա տարեցտարի առաջընթաց նկատում է: «Աստիճանաբար նկատում եմ, որ երաժշտական գործիքի նկատմամբ էլ է սեր առաջանում, հուսով եմ՝ առաջիկա տարիներին սերն ավելի նկատելի կլինի:

Ամեն դեպքում, ցանկացած արվեստ ուսումնասիրելիս պետք է գնանք արմատները եւ այնտեղից գտնելով բուն էությունը՝ փորձենք այն համադրել այսօրվա, ժամանակակից կյանքի հետ»,- ասում է Միքայել Ոսկանյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031