«Այս կառավարությունն օլիգարխների կառավարություն է, ես որեւէ դրական ակնկալիք չունեմ նրանցից: Սա մեր կառավարման համակարգի հատակն է արդեն: Պետք են երկրում միանշանակ արտահերթ ընտրություններ եւ համակարգային փոփոխություններ: Այս կառավարությունից սինգապուրյան փորձ սպասելի չէ, սինգապուրյան փորձից իրենք հազարավոր կմ-երով հեռու են»,- Aravot.am-ի հետ զրույցում կառավարության ծրագրի մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա վստահեցրեց, որ կառավարության ծրագիրը բարի ցանկությունների եւ քաղցր խոսքերի կույտ է ընդամենը. «3 թիվ կա՝ տնտեսական աճի, նվազագույն աշխատավարձի մասին եւ աղքատության նվազում 10 տոկոսային կետով: Նախ` ասեմ, որ այդ 5 տոկոս տնտեսական աճը ոչ մի բան չի տալու մեզ: Կարող էին գրել 1.5-2 տոկոս աճ, մնացած ավելն էլ կարող էին ասել՝ գերակատարել ենք: Բայց ՀՀ-ում 5 տոկոս տնտեսական աճը ոչինչ չի տալու: Ընդամենը մի քանի ընտանիքների մի փոքր բարելավմանը կնպաստի եւ վերջ, միջին վիճակագրական քաղաքացուն դա ոչինչ չի տա: Առնվազն 10 տոկոս տնտեսական աճ պետք է ունենանք, որպեսզի մեր մրցակցային նվազագույն շեմն ապահովենք տարածաշրջանում եւ որպեսզի մեր քաղաքացիները մի փոքր իրենց կենսամակարդակի վրա զգան տարբերությունը: Նվազագույն աշխատավարձի բարձրացումը 65 հազար դրամդարձնելը ոչ մի բան չի տա, քանի որ արդեն մեր նվազագույն կենսապահովման զամբյուղը 65 հազար դրամ է, եթե իրական թվերով նայենք՝ նույնիսկ ավելի է, քանի որ մենք անընդհատ սողացող աճ ենք ունենում: Մեր հիմնական սպառումը առաջին անհրաժեշտության ապրանքների վրա է: Նախորդ կառավարությունը 80 հազար դրամ էր խոստացել, նույնիսկ այդ 80 հազարն այս անգամ չկա: Ինչ վերաբերում է 10 տոկոս աղքատության կրճատմանը, ապա նշեմ, որ աղքատությունը առաջին հերթին պետք է կրճատել աշխատատեղերի ավելացման հաշվին, որը ենթադրում է ներդրումներ, իսկ պարզ է, որ այս պահին մենք որեւէ ներդրում սպասել չենք կարող ո՛չ Արեւմուտքից, ո՛չ Հյուսիսից, ո՛չ էլ Արեւելքից: Թեեւ Հովիկ Աբրահամյանը, որպես ԱԺ նախագահ Չինաստան այց կատարեց եւ խոսում էր 1.5 մլրդ դոլար ներդրումների մասին, բայց դա էլ չեղավ, այցը հաջող չստացվեց, ուստի ներդրումներ դրսից սպասել չի կարելի»:
Ինչ վերբերում է տեղական ներդրողներին, ըստ պարոն Մարտիրոսյանի, դա կարող են անել բացառությամբ կառավարության այսօրվա ներկայացուցիչները, որոնք այս 10 տարիների ընթացքում, ըստ միջազգային կազմակերպությունների, մոտ 6 մլրդ դոլար անօրինական կերպով երկրից դուրս են հանել. «Այսինքն, ներքին ռեսուրս էլ չկա, ՓՄՁ-ներն էլ միջոցներ չունեն, քանի որ իշխանությունների սիրո արդյունքում այդ գրկախառնության մեջ խեղդվեց, ուստի այդ աղբյուրն էլ մեզ անհասանելի կլինի աշխատատեղերի հետ կապված: Այնպես որ, աղքատության կրճատման առաջին հայտնի աղբյուրը չի լինի: Երկրորդ աղբյուրը աշխատավարձերի բարձրացումն է, դա էլ չի լինի, որովհետեւ երկրում գումար չկա, գումարի հավաքագրման որեւէ աղբյուր չկա»:
Ստվերի կրճատմանը պարոն Մարտիրոսյանը չի հավատում: Ինձ համար միանշանակ է, որ ստվերն իրեն շատ լավ է զգալու այս կառավարության օրոք:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների խոստմանը՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Իրենք խոսում են մարդու իրավունքներից, այդ դեպքում ինչպե՞ս է Հովիկ Աբրահամյանը խոսում դրա մասին, երբ ինքը ընդամենը 2 տարվա ընթացքում 2 համապետական ընտրություններին ՀՀԿ-ի շտաբի պետն էր եւ այդ կեղծիքների գլխավոր կազմակերպիչը: Իշխանությունը կեղծած անձը ինչպե՞ս կարող է խոսել մարդու իրավունքների մասին, երբ ինքը ընտրության իրավունքը չի հարգել: Ինչպե՞ս կարող է խոսել Սահմանադրական բարեփոխումների մասին, երբ ապօրինությունների,հակաժողովրդական քայլերի հեղինակ են եղել: Ինչպե՞ս է կոռուպցիայի դեմ պայքարելու, երբ այսօրվա կառավարության ներկայացուցիչները մարդիկ են, որոնք հարստացել են բացառապես գործադիր իշխանությունում բարձր պաշտոններ ունենալու ժամանակ: Իսկ իր հնչեցրած այն միտքը, որ ինքը կառավարությունում գործարար չի ճանաչում, եթե ինքը արդեն իսկ ստում է բառիս բուն իմաստով, երբ ամբողջ երկիրը գիտի այդ գործարարներին՝ իր գլխավորությամբ, ինչի՞ մասին է խոսքը: Նշանակում է, որ ինքը ի սկզբանե արդեն անարժանահավատ խոսքեր է ասում, եւ ես որեւէ հիմք չունեմ հավատալու, որ այն, ինչ գրվել է կառավարության ծրագրում, կյանքի է կոչվելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Շատ լավ է ասված: Բոլորիս հայտնի է որ մեր երկրի ղեկավարները անբարտավան ստախոսներ են ու նրանք ինքնակամ չեն ընդունի իրենց սուտն ու կեղծիքը: Բայց գոնե ամպագորգոռ հայտարարություններ չանեն որ ժողովրդի մեջ ավելի չխորացնեն ատելությունն ու զզվանքը: