Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է փաստաբանը զայրացրել «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուի մասնակիցներին

Մայիս 22,2014 22:04

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում ճանաչված փաստաբան Սուսաննա Մխիթարյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի դեմ: Ըստ նրա, իրեն հրավիրելով նկարահանման, անարգել, վիրավորել ու սպառնացել են: Իսկ պատճառը, ըստ տիկնոջ, այն է, որ ինքը ստանձնել է Գյումրու Մուշ թաղամասում վերջերս սպանված, ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքի քրոջ շահերը, որը Թուրքիայի քաղաքացի է և ուզում է դառնալ իր սպանված եղբոր երկու անչափահաս երեխաների խնամակալը: Խնամակալ ուզում է դառնալ նաև երեխաների ազգությամբ եզդի մորաքույրը, որը այս պահին գտնվում է Գյումրիում, սակայն քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կից խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը նրանից վերցրել է երեխաներին ու հանձնել մանկատուն:

«Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի հաղորդավար Հրաչ Մուրադյանն էլ իր հերթին պարզաբանել էր, որ փաստաբանը զբաղված է զազրախոսությամբ, նրա ասածը իրականության չի համապատասխանում և ամեն ինչ պարզ կդառնա թողարկման եթեր հեռարձակվելուց հետո: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել նկարահանման ժամանակ, Aravot.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց հաղորդման մասնակիցներից մեկի` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գարիկ Գալիկյան հետ, որը հաճախակի է որպես փորձագետ հրավիրվում «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուին: «Ինձ համար ցավալի է, որ փաստաբանն ասում է, թե այդ հաղորդման ժամանակ նորմալ փորձագետ չի եղել, պետք չէ երբեք վիրավորել դիմացինին և պետք չէ ընդհանրացնել`հայտարարելով, թե այդտեղ բոլորը անգրագետ էին: Ես չեմ ընդունում նաև հանդիսատեսի դրսևորած վարքագիծը Սուսաննայի նկատմամբ, չեմ ընդունում, որ փաստաբանին նույնականացնում են իր վստահորդի հետ: Սա կարևոր սկզբունք է փաստաբանության մեջ, որը բոլորը պետք է նկատի ունենան, բայց նկարահանման ժամանակ սկսվեց աղմուկ այն պահից, երբ տիկին Սուսաննան հայտարարեց, որ իրենք երեխայի պահանջ չեն ներկայացնում, այլ պարզապես ինքը ներկայացնում է Թուրքիայի քաղաքացու շահերը: Անմիջապես հարց հնչեցվեց, բա դուք էդ դեպքում ինչո՞ւ էինք հանձնաժողովի նիստին ներկա: Հանձնաժողովը որոշում էր կայացրել երեխաներին հանձնել մանկատուն, սակայն էսօրվա հրապարկումներով նշում են, թե իբր մորաքույրն է հրաժարվել երեխաներից: Եթե իրականում էդպիսի բան տեղի ունենար ինչո՞ւ հաղորդաշարի ժամանակ չհնչեցվեց նման հարցադրում: Մորաքույրը ասում է`ես պահանջում եմ երեխաներին»: Փաստաբանը նաև նշում է, որ նկարահանմանը հյուրընկալված քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կից խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը մասնակիցներին չի կարողացել հակափաստարկներ բերել, թե ինչու երեխաների խնամքը չարժե հանձնել մորաքրոջը: «Ես ասել եմ, որ որպես փաստաբան դուք ձեր աշխատանքն եք կատարում, ոչ մի խնդիր չկա, և փաստաբանական էթիկայից ելնելով` ես չեմ փորձի որևէ ավել բան ասել իմ կոլեգային, բայց կա բարոյական խնդիր. երեխաներին վերցնեն, հանձնեն Թուրքիայի հանրապետություն, որտեղ որ երեխայի աչքի առաջ սպանե՞լ են մորը»:

Ըստ փաստաբանի, եթե Սուսաննա Մխիթարյանը վիրավորվել է մասնակիցների կարծիքներից, նա կարող է դատարան դիմել, բայց մարդիկ, չլինելով իրավաբաններ, հարցը քննարկել են` ելնելով բարոյականության տեսանկյունից: «Մարդիկ, որոնք ներկա են հաղորդաշարին, հարցին չեն նայում էն տեսանկյունից, թե տիկին Սուսաննան իր աշխատանք է կատարում: Կարծում եմ, եթե նա գալիս էր հաղորդաշարի, պիտի պատկերացներ, որ էնտեղ մարդիկ են նստած, քաղաքացիներ են, որոնք հիշում էին, որ Թուրքիայում սպանեցին էս հային, էն հային, մեկին ազգային հերոս տվեցին, մյուսը պատժից խուսափեց և այլն: Որոշակի հարցեր հնչեցվեց, որոնց չպատասխանեց տիկին Սուսաննան և սա ամենայն հավանականությամբ դարձավ հասարակության ջղայնության առիթը », – ասում է փաստաբանը:

Գարիկ Գալիկյանի առաջարկը` երեխաների խնամակալության հետ կապված ընթերցեք վաղվա «Առավոտ»-ում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031