Քառյակի` կառավարության ծրագրի օգտին ԱԺ-ում չքվեարկելու մասին այսօր գործադիր մարմնի նիստին շտապող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց` «Չէին ուզում ասել ոչ, չէին էլ կարող ասել այո, մտածում էին` կասենք դավաճան են: Ես այդպես եմ հասկացել»:
Լրագրողների դիտարկմանը, որ կառավարության ծրագիրը ընդդիմադիր գործիչների կողմցի սուր քննադատության արժանացավ, նրանք իշխանական թեւի նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնների հասնող կարողության հայտարարագրերը ԱԺ-ում ներկայացրեցին, վարչապետն ասաց. «Ձեր կարծիքը մի փաթեթեք մեր վզին»:
Քառյակում, կարծես թե, տարաձայնություններ կան, լրագրողների այս դիտարկմանն էլ Հ. Աբրահամյանը կարճ պատասխանեց` «Չգիտեմ»:
Իսկ երբ լրագրողները փորձեցին վարչապետից ճշտել կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող վարչապետի կողմից բազմիցս մեջբերվող «Պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտության պարտադիրի եւ պարտադրվածի տարբերությունը, վարչապետը չցանկացավ պատասխանել այս եւ մի շարք հարցերի, ասելով` «Ես հաջողություն եմ ձեզ ցանկանում, կառավարության մեր ծրագիրը հաստատվել է, եւ ես խոստանում եմ, անպայման, հանդիպել եւ երկար զրուցել»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի հարցին էլ` գործարարները կտեղավորվե՞ն վարչապետի տված ժամկետի մեջ, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես ժամկետ չեմ տվել, ես առաջարկել եմ միասին աշխատել եւ փորձել լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները: Իմ խնդրանքն է, որ նրանք օրենքի շրջանակներում աշխատեն»:
Հիշեցնենք, որ վերջերս Հ. Աբրահամյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ հորդորել էր հավասար դաշտում աշխատել, իսկ կառավարության նիստին էլ ասել էր. «Մինչեւ հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը` ՕԵԿ-ը մի տեսակ չի սիրում վարչապետին, պարոն Աբրահամյանն ասաց. «Այդ հարցը նրանց ուղղեք`թե ինչո՞ւ ինձ չեն սիրում: Ես պատճառ չեմ տեսնում»:
Իսկ այն հարցին` թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կհամաձայնվի՞ ընդգրկվել վարչապետների ակումբ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց` «Չեմ հարցրել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ