Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը բաց է Հայաստանի համար, նույնիսկ, սեպտեմբերի 3-ից հետո. Բորիս Նավասարդյան

Մայիս 22,2014 20:50

«Մեր նախաձեռնությունը «Եվրոպական ընտրություն» է կոչվում շատ պարզ պատճառով, որովհետեւ մեր նախաձեռնողներն այն մարդիկ են, որոնք համարում են, որ Հայաստանի համար պետական մոդելի ձեւավորումը, երկրի ներքին հասարակական կյանքը կազմակերպելու համար հենց եվրոպական չափանիշներն են պետք»,- Aravot.am-ի հետ զրույցում  նշեց «Եվրոպական ընտրություն» նախաձեռնության անդամ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա հույս հայտնեց, որ նախաձեռնությունը կկարողանա փոխել իրավիճակը եւ տարբեր առկա գաղափարների բախման շնորհիվ կձեւավորվի նախաձեռնության ռեսուրսները: Բորիս Նավասարդյանը նշեց, որ անկախության տարիներին Հայաստանում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել՝ որտեղից քամին փչում է, այդ կողմով էլ պետությունը շարժվում է. «Քամին գալիս է Արեւմուտքից Ասոցացման համաձայնագրի շուրջ ենք բանակցում, քամին սկսում է գալ Արեւելքից մենք Մաքսային միության շուրջն ենք համախմբվում: Դա առողջ իրավիճակ չի կարող լինել, քանի որ դու ենթարկվում ես ցանկացած ուղղությամբ փչող քամուն, դու ենթակա ես վարակների, մահացու վարակների: Միայն այն դեպքում, երբ մեր շենքը, մեր երկիրը պաշտպանված լինի տարբեր ուղղություններով քամիներից, մենք կարող ենք այդ վարակներից մեզ պահպանել, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ներսում լինի հստակ պաշտպանողական միջավայր եւ այդ միջավայրը կարող է լինել միայն լայն  բանավեճների շնորհիվ»:

Անդրադառնալով Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հայտարարություններին՝ Բորիս Նավասարդյանը հայտարարեց, որ դա ցանկություն է Եվրամիության եւ նրա անդամ երկրների կողմից Հայաստանին տեսնել ինտեգրացիոն գործընթացների մեջ. «Ցավոք, Հայաստանը մեկ օրվա մեջ շրջվելով հակառակ ուղղությամբ պատրաստ չի ձեւակերպել իր եվրոպական հավակնությունները: Եվրոպական ուղղության հետ կապված օրակարգի ձեւավորումը առաջնային է Հայաստանում, որպեսզի սկզբից փոքր նախաձեռնող խմբով, հետագայում հասարակականքաղաքական միջոցով ստիպենք մեր իշխանություններին այդպիսի օրակարգ հստակեցնեն, այդ դեպքում կարող ենք Եվրամիության հետ նոր համակարգի հարաբերություններ սկսել կառուցել, քանի որ Եվրամիությունը բաց է Հայաստանի համար, եւ դա մեծ առավելություն է, եւ նույնիսկ բաց է մնում սեպտեմբերի 3-ից հետո»:

Մեր այն հարցին, թե «Եվրոպական ընտրություն» նախաձեռնությունը ի՞նչ է անելու իր առջեւ դրած նպատակներին հասնելու համար, պարոն Նավասարդյանը նշեց, որ հանրության հետ աշխատանքներ են տարվելու, ստիպելու են իրենց հետ միակարծիք քաղաքական ուժերին ձեւավորել քաղաքական օրակարգ. «Մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք, մենք քաղաքական օրակարգ չենք կարող ձեւավորել, մենք այդ օրակարգը կարող ենք ձեւավորել միայն համագործակցելով կուսակցությունների հետ: Եւ նպատակ կա, որ այս գաղափարը ներկայացված լինի նաեւ խորհրդարանում»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե Բորիս Նավասարդյանի կարծիքով, ի՞նչ է սպասվում Հայաստանին Մաքսային միությանը անդամակցելու դեպքում, որին պարոն Նավասարդյանը պատասխանեց, որ այդ դեպքում վտանգ է սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը, Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը, սոցիալական-տնտեսական խնդիրների խորացմանը եւ դրա հետեւանքը լինելու է արտագաղթի ուժգնացումը. «Այդ հետեւանքների ազդեցությունը մեր հասարակությունն իր վրա կզգա բավականին շուտ, եւ մենք կցանկանանք, որպեսզի իրականության պատկերացումները մեր հասարակության մեջ հնարավորինս արագ լինի, ոչ թե մարդիկ դա զգան, երբ որ հասնի իրենց այդ չարիքը: Այստեղ չկա որեւէ երկրի դեմ ուղղված միտում, այստեղ կա ընդամենը Հայաստանի ազգային շահերի պաշտպանության ցանկություն»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբո says:

    Հայաստանի համար մի նոր մոդել է հարկավոր,ասենք «Եվրո-գողական» 🙂 🙂
    Հետաքրքիր է Հայաստանցին՝ կցանկանա՞ Եվրոինտեգրվել և իր բնակարանում օգտագորձվող գազի մեկ խորանարդի դիմաց,վճարել մեկ ԱՄՆ դոլարին համարժեք գումար:Եվ դա, ամենա չնչին փոփոխությունն է լինելու,մնացածնել ինքներդ մտածեք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031