«Ինչո՞ւ է վաճառվում Մարզահամերգային համալիրը: Նրա համար, որ պետական հարկերը չի՞ կարողանում տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ այսպիսի հարցադրում արեց Երևանի Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի բարձրաքանդակի հեղինակ, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը և ապա նկատեց, թե այդ դեպքում պետությունը կարող է և պետք է օգնի՝ դոտացիա կամ վարկ տալով: «Ժամանակին բոլորը դժգոհում էին, թե ինչու վաճառեցին համալիրը, բայց այն գնելով՝ Մուրադյան եղբայրները փրկեցին այդ քանդված կառույցը, կատարյալ կերպով վերականգնեցին այն: Եվ հիմա, երբ վերականգնված է ու շատ գեղեցիկ, ի՞նչն է ստիպում, որ դնեն աճուրդի,- զարմացավ քանդակագործը և եզրակացրեց,- հիմա երևի այնպիսի վիճակի մեջ են դրել, որ վաճառի: Բայց ո՞վ է այն գնելու, և ինչո՞ւ է պետությունն ուզում ազատվել այդ շենքից: Ենթադրենք՝ դրսից գա մեկը, հատկապես աղանդավոր մեկը, գնի և դարձնի ակումբ, դա ճի՞շտ կլինի»:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, սակայն, պարոն Առաքելյանի մատնանշած վտանգն այնքան էլ չի տեսնում, բայց նա գիտի, թե որտեղից են մեր մեջ այդքան հիմնավոր նստած վախն ու անվստահությունը. «Բոլոր երկրներն էլ ունեն սեփականություն, որը միշտ էլ վաճառքի ընթացքի մեջ է: Բայց մեր հասարակության մեջ մի յուրահատուկ վախ ու անվստահություն կա, որը գալիս է գործելաոճից: Եթե այն թափանցիկ լիներ, և մենք հստակ իմանայինք՝ ում վաճառեցին, ինչ գնով, վաճառքի պայմանագրում ինչ կետեր են նախատեսված և այլն, շատ հանգիստ կլինեինք,- համոզված է պարոն Մինասյանը,- բայց վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ հանրությանն անհայտ պատճառներով վաճառված շինությունը երկու-երեք տարի հետո կանգնում է փլուզման վտանգի առջև կամ այնպիսի ձևախեղումների է ենթարկվում, որ այդ շինությունից ոչինչ չի մնում: Դրանից է, որ հասարակության մեջ դժգոհության ու անվստահության մեծ ալիք է բարձրանում»:
«Հասարակությունը պիտի տեղյակ լինի վաճառքի պայմանագրի բոլոր այն կետերին, որոնք իրավաբանորեն ճշգրիտ գրված կլինեն այնտեղ,- իր հերթին նկատեց Ֆ. Առաքելյանը:- Հիմա Երիտասարդության պալատի տերն ասում է՝ ահա ձեր պայմանագիրը, նրա մեջ գրվա՞ծ է, որ ես իրավունք չունեի քանդելու: Չկա, ու դրեց քանդեց, հիմա էլ փող չունի, որ սարքի: Դրա համար կետ առ կետ պիտի գրեն պարոնները: Մենք չենք խնդրում, պահանջում ենք նրանցից, որովհետև քսանհինգ տարի շարունակ անընդհատ կառապան (նկատի ունի վարչապետ – Ս. Հ.) են փոխում, բայց ի՞նչ է փոխվել: Ոչինչ: Նորից վաճառում են: Պարոն կառավարությունը՝ վերին մեծության քաջնազարները, ամբողջ քաղաքը ծախեցին, գործարանները սարքեցին ռեստորան, սուպերմարկետ, ոչինչ չթողեցին ժողովրդին: Բա որ սա՞ էլ դարձնեն նման ախմախ մի բան»:
Մ. Մինասյանը որևէ խնդիր չի տեսնում համալիրը վաճառելու մեջ միայն այն դեպքում, եթե վաճառքի պայմանագրում հստակ կետ լինի այն մասին, որ գնորդը պարտավորվում է փոփոխությունների չենթարկել շինությունը, և այն շարունակելու է իրականացնել այն նույն գործառույթը, ինչը որ հիմա է իրականացնում. «Մեզ՝ ճարտարապետներիս, չի հետաքրքրում այդ հարցի ֆինանսական կողմը, թե ով սննկացավ, ով վաճառեց, ով գնեց և այլն, մեզ հետաքրքրում է, թե նոր սեփականատերը ինչպես կվարվի դրա հետ, վտանգը դրանում է»,- ասում է Ճարտարապետների միության նախագահը:
Կարդացեք նաև
Նա նաև տեղեկացրեց, որ միությունը պատրաստվում է դիմել Մշակույթի նախարարությանը՝ վաճառքի պայմանները հասարակության համար հնարավորինս թափանցիկ դարձնելու խնդրանքով. «Մենք պետք է տեղյակ լինենք, թե ինչ պայմաններով է նոր սեփականատերը գալիս, որպեսզի հետո չկանգնենք մեզ արդեն ծանոթ դժվարությունների առջև, որպեսզի հետո արդեն դժվար չլինի մեղավորին գտնելը: Երբ շինությունն արդեն քայքայված է լինում, նրան արդեն փլուզման եզրին են հասցրած լինում, որևէ մեկը չի պատժվում»,- ասաց Մ. Մինասյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ