Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է կանադական «Ալաթթա էներջի գրուպ» կազմակերպության, ինչպես նաև «Տետրատեկ» ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը. «Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Ալաթթա էներջի գրուպ»կազմակերպությաննախագահ ԹոնիՄաթիանը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման հարցում քաղաքապետի մոտեցումները և վստահեցրել է, որ իրենց ընկերությունը ևս պատրաստակամ է մասնակցություն ունենալու Երևանի ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի մի շարք փաթեթների վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն