«ՍՏՇ Պիրամիդա» ՍՊ ընկերության տնօրեն Հրաչյա Սարգսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռի դեմ բողոք է բերել ամբաստանյալի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը:
Ընկերության տնօրենին մեղադրանք էր առաջադրվել գրավի 4 պայմանագրերի շրջանակներում հիմնադիրներ Ֆրանսիայի քաղաքացի Քրիստիան Զադիկյանի եւ ՊՆ նախարարի հոր՝ Մուշեղ Օհանյանի փոխարեն փաստաթղթեր ստորագրելու, Ք.Զադիկյանի գումարին տիրանալու նախապատրաստման գործողություն կատարելու համար:
Պաշտպանն իր բողոքում զարմացած է, թե ինչո՞ւ է առաջին ատյանի դատարանն անտեսել այն հանգամանքը, որ իր պաշտպանյալը գրավի տակ է դրել իր միակ օթեւանը, որպեսզի ապահովի տուժողներ Ք.Զադիկյանի եւ Մ.Օհանյանի ամսեկան մոտ 10 000 ԱՄՆ դոլար շահույթի ստացումը:
«Այդ շահույթը եղել է առանց հարկային դաշտում ցույց տալու: Ինչո՞ւ է լռել դատարանը: Չէ՞ որ ես միջնորդել էի, որ քրեական գործ հարուցեն հարկային դաշտից խուսափած հիմնադիրներ Ք.Զադիկյանի եւ Մ.Օհանյանի նկատմամբ, լրացուցիչ որոշում կայացնել եւ այն ուղարկել ՀՀ ոստիկանության ՔԳՎ ղեկավարությանը, դատական քննության ժամանակ ի հայտ եկած խախտումները, այն է՝ նախաքննության մարմնի կողմից ստվերը չնկատելու, հարկային դաշտից խուսափած անձանց նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու փաստերի հիման վրա»,-ասում է Ռ.Բալաբանյանը:
Կարդացեք նաև
Ըստ բողոքաբերի, 2006-2009թթ.Հրաչյա Սարգսյանը «Արցախբանկից» վերցրել է 50 000, 360 000, 200 000 եւ 900 000 ԱՄՆ դոլար գումարի վարկ, որից 900 000 դոլարը ցելոֆանի մեջ դրած անձամբ է տարել, հանձնել Մուշեղ Օհանյանին:
Օհանյանը նրան հանձնարարել էր, սեփական նախաձեռնությամբ ամեն ինչ անել, ՍՏՇ Պիրամիդա» ՍՊ ընկերության անխափան աշխատանքն ապահովել, ամսեկան շահույթն ապահովել:
«Դատարանի այն հետեւությունը, թե իմ պաշտպանյալն իր հանցավոր մտահղացումը իրականացնելու համար «Արցախբանկի» անունից գրություն է ներկայացրել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տարածքային ստորաբաժանում, եւ գույքը հանել արգելանքից, թե իբր վերջին 900 000 դոլարի վարկը արդեն մարված է, ապա նա այդ քայլին գնացել է միայն այն բանից հետո , երբ «Առքա» համակարգը ցույց է տվել, որ այդ 900 000 դոլարը մարված է»,-գրել էր Ռ.Բալաբանյանը:
Ըստ պաշտպանի, Մ.Օհանյանն է հանձնարարել Հ.Սարգսյանին՝ ընթացիկ հարցերով իրենց չանհանգստացնել, եւ իրենց փոխարեն ստորագրել իրավունք վերապահող փաստաթղթերում, ինչ արել է ամբաստանյալ տնօրենը:
«Իրականում այդ հանձնարարությունը տվել է Սեյրան Օհանյանը, ոչ թե Ք.Զադիկյանն ու Մ.Օհանյանը, վերջիններս անգամ տեղյակ չեն եղել «Արցախբանկում. 4 դրվագով վերցված վարկերից»,-ասում է Ռ.Բալաբանյանը:
Այլ բացահայտումները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ