Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եզրափակիչ ելույթը ՀՀ Ազգային ժողովում

Մայիս 22,2014 17:44

Ազգային ժողովի հարգարժան նախագահ, փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ,

նախ և առաջ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, ովքեր շահագրգիռ ելույթ ունեցան ծրագրի վերաբերյալ: Շահագրգիռ ասելով ես երբեք նկատի չունեմ գովաբանական: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ առողջ քննադատությունը և կառուցողական ընդդիմությունն ամրապնդում է երկիրը, ուժեղացնում է կառավարությանը:

Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև մարտավարական տարբերություններ կենսական շատ հարցերի մասին: Եվ Ազգային ժողովը հենց այդ ամբիոնն է, որտեղ պետք է հնչեցվեն հենց այդ տարբերությունները: Ես շնորհակալ եմ այն անձանցից, ովքեր հետևողականորեն փաստարկեցին իրենց առաջարկները, ինչպես նաև հնարավորություն տվեցին ինձ և կառավարության մյուս ներկայացուցիչներին առավել հստակ և դյուրացված ներկայացնել մեր տեսակետներն ու մոտեցումները: Շատ առաջարկներում և հարցերում՝ թե´ քննադատական, թե´ սատարող, ես տեսա մտահոգություն, տեսա գործնական ցանկություն՝ Հայաստանի Հանրապետության իրավիճակը դեպի լավը փոխելու:
Մենք գրանցել ենք հնչած բոլոր մտքերը և դրանց անպայման անդրադառնալու ենք քաղաքականության մշակման կամ իրականացման փուլում` բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածության անկեղծ հրավերով:

Միաժամանակ ինձ ցավ է պատճառում, որ մեր քաղաքական մշակույթում դեռևս առկա է ծրագրային փաստարկների բացակայության դեպքում հարցը քաղաքական գործիչների անհատական անվանարկման մաղձոտ դաշտը տեղափոխելու պրակտիկան: Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա է սպասում քաղաքական գործիչներից, և իմ կարծիքով՝ դա նշանակում է անհարգալից վերաբերմունք սեփական ընտրողների նկատմամբ:
Հարգելի գործընկերներ,
իշխանությունը և ընդդիմությունը գտնվում են մի նավում, և մենք բոլորս նավարկում ենք միասին, այսինքն՝ մեր երկրի համար յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր չափով: Այդ տեսակետից իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների դասական օրինակ կարող է համարվել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կեցվածքը: Բագրատյանի ելույթը ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր, որովհետև քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը՝ պետության և ժողովրդի մասին՝ անկախ իր քաղաքական հայացքներից և իշխանության հետ իր ունեցած տարաձայնություններից: Հարգելի ընդդիմադիրներ, մտածեք այս մասին:

Ես ցանկանում եմ, ավարտելով խոսքս, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և բոլորին հորդորել, առաջարկել, խնդրել. իմ նպատակն է, որ մենք հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտում աշխատենք բոլորս միասին: Դա իմ ցանկությունն է և առաջարկը:

Շնորհակալ եմ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031