Խորհրդարանը 70 «կողմ», 1 «»դեմ» եւ 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության գործունեության ծրագիրը:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը եւ Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ են քվեարկելու նախագծին, քանի որ ողջունում է մի շարք տնտեսական առաջխաղացմանն ուղղված նախաձեռնություններ: Ասաց նաեւ, որ Արծվիկ Մինասյանի հետ տեսնում են «կուտակայինի» լուծման տարբերակներ եւ պատրաստ են համագործակցելով դրանք առաջ տանել:
ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանն էլ հայտարարեց, որ դիմում է ներկայացրել խմբակցություն եւ դուրս է եկել ՕԵԿ-ից, որպեսզի «կողմ» քվեարկի կառավարության ծրագրին:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ Կարեն Բոթոյանը դիմում է ներկայացրել`ներկայանալով գործարար, որը չի կարող «դեմ» լինել կառավարության ծրագրին: Տիկին Բիշարյանն ասաց, որ իրենք հարգել են գործընկերոջ դիմումը: «Այն, ինչ-որ այս երեք օրը դուք այստեղ թատրոն էիք ցույց տալիս, չեք կարող պահպանել համագործակցության տարրը: Գործարար մարդը չի կարող դեմ քվեարկել կառավարության ծրագրին:
Կարդացեք նաև
Համագործակցության ու ճիշտ պահվածքի մասին ավելորդ է կառավարության հետ խոսել»,- դիմելով կառավարությանը հայտարարեց Հեղինե Բիշարյանը եւ ՕԵԿ-ականները լքեցին նիստերի դահլիճը:
Հիշեցնենք, որ քառյակն ավելի վաղ հայտարարել էր,, որ ի նշան բողոքի ու դժգոհության, չի մասնակցելու քվեարկությանը:
Ավելի ուշ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկությունն անցել է կեղծիքներով: Պատգամավորը մասնավորապես ֆիքսել է, որ Սամվել Ալեքսանյանը եւ Ռուբեն Հովսեփյանը քվեարկել են նաեւ ուրիշների փոխարեն, իսկ Արմեն Գեւորգյանը, ըստ Արամ Մանուկյանի` պատգամավորներին «հավաքում» էր դահլիճ` քվեարկության համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ