Վենետիկի միջազգային ճարտարապետական 14-րդ բիենալեն, որն այս տարի կբացվի հունիսի 7-ին, անցկացվում է «Հիմքեր» խորագրի ներքո և նվիրվում է ճարտարապետության 1914-2014 թթ. համաշխարհային պատմության և քաղաքաշինության ուսումնասիրությանը: Այն ղեկավարում և համադրում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Ռեմ Կուլհասը: Իսկ բիենալեին մասնակցում են 66 ազգային տաղավարներ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և հավելեց, որ այս բիենալեին Հայաստանն արդեն վեցերորդ տարին է մասնակցում, սակայն այս տարի առաջին անգամ հանդես է գալիս նաև պետական հովանավորությամբ և ֆինանսավորմամբ: Բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարը ՀՀ մշակույթի նախարարությունն է, որը մեր ազգային տաղավարը կազմակերպելու համար հրավիրել է հայտնի համադրողներ Ռուբեն Արևշատյանին և Գեորգ Շյոելհամերին:
«Ռեմ Կուլհասի առաջ քաշած մոտեցումը տարբերվում է նախորդ բիենալեների մոտեցումից: Սովորաբար, ճարտարապետության բիենալեն զբաղված էր համաշխարհային ճարտարապետական վերջին նվաճումները ներկայացնելով և հիմնականում կենտրոնացած էր ճարտարապետներ ներկայացնելու վրա, իսկ Կուլհասն այս տարի որոշեց անդրադառնալ ոչ թե ճարտարապետներին, այլ բուն ճարտարապետությանը,- մանրամասնեց հայաստանյան ազգային տաղավարի համադրող Ռուբեն Արևշատյանը և հավելեց,- ճարտարապետության մասին խոսելիս հնարավոր չէ շրջանցել այն գլոբալ ճգնաժամը, որը տեղի է ունենում համաշխարհային ճարտարապետության մեջ: Ճգնաժամ՝ գաղափարների առումով: Քանի որ, ըստ Կուհասի ձևակերպման, այն գաղափարները, որոնք առայսօր շրջանառվում են և ուղղորդում ժամանակակից ճարտարապետության զարգացման միտումները, այն գաղափարական կառույցներն են, որոնք ձևավորվել են մոդեռնիզմի դարաշրջանում: Այդ իսկ պատճառով նա կենտրոնացել է հարյուր տարվա պատմության վրա՝ ընտրելով 1914-2014 թթ. ընկած ժամանակահատվածի ճարտարապետությունը»:
Անդրադառնալով մեր ազգային տաղավարին՝ պարոն Արևշատյանն ասաց, որ այն երեք տարբեր և հակադիր ազգային մոդեռնիզմների մասին պատմող ցուցադրություն է լինելու, որը ներկայացնում է Հայաստանի ճարտարապետության և քաղաքաշինության ձևավորման ու զարգացման պատմությունը՝ 1920-ականներից մինչև օրս:
Ցուցադրության մեջ ներկայացված կլինեն ճարտարապետական նախագծեր, էսքիզներ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ, սլայդեր, ֆիլմեր:
Կարդացեք նաև
Նշենք, որ Վենետիկի միջազգային ճարտարապետական 14-րդ բիենալեն կշարունակվի մինչև նոյեմբերի 23-ը: Իսկ Հայաստանի ազգային տաղավարը, որը ներկայանում է «Իղձերի մայրաքաղաքը» խորագրով, տեղակայված կլինի Վենետիկի Զենոբիո պալատում՝ նախկին Մուրադ Ռաֆայելյան վարժարանի շենքում:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ