ՀՀ վարչական դատարանում քննվեց ՀՀ ոստիկանության հայցն` ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Ռաֆայել Աֆրիկյանի` ոստիկանի իրավական պահանջը չկատարելու համար պատասխանատվության ենթարկվելու պահանջով (նախագահող դատավոր Ա. Թովմասյան):
Նշենք, որ Ռաֆայել Աֆրիկյանը մասնակցել էր դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի կապակցությամբ ՀՀ ինքնիշխանության պահպանմամբ մտահոգ բազմաթիվ քաղաքացիների նախաձեռնած բողոքի երթին: Նրան նույն օրը նրան բերման են ենթարկել:
Այսօր Ռաֆայել Աֆրիկյանի դեմ դատական գործի քննությունը հետաձգվեց հայցվոր կողմի միջնորդությամբ: Ռաֆայել Աֆրիկյանի ներկայացուցիչները` Տիգրան Եգորյանն ու Սերգեյ Գրիգորյանը, ներկայացրին հայցադիմումի պատասխանը, իսկ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հանդես եկավ նիստը հետաձգելու միջնորդությամբ` պատճառաբանելով, թե իրենց ժամանակ է անհրաժեշտ պատշաճ կերպով ծանոթանալու հայցադիմումի պատասխանին:
Aravot.am-ը Ռաֆայել Աֆրիկյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանից հետաքրքրվեց` արդյոք այսպիսով ոստիկանությունը ցանկանում է ժամանա՞կ շահել, թե՞ արդարացված է նրանց` հայցադիմումի պատասխանին ծանոթանալու համար ժամանակ խնդրելու միջնորդությունը: Նա պատասխանեց. «Իրոք, իրենք պատրաստ չէին, բացի այդ ոստիկանության ներկայացուցիչներից մեկն էլ այլ նիստի պետք է մասնակցեր»:
Ռաֆայել Աֆրիկյանի գործով հերթական դատական նիստը նշանակվեց հուլիսի 8-ին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ