Այսօր խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին կոչ արեց Աստվածաշնչից մեջբերումներ չանել, դատավորի դեր չստանձնել ու կոռեկտ ելույթներ ունենալ: «Չնայած խոզերի առջև մարգարիտներ չեն փռում, դուք ուր, կոռեկտությունն ուր»,- ասաց Շարմազանովը:
Նրան դուր չեկավ կառավարության անդամների կոռումպացված լինելու վերաբերյալ ելույթը, որում ՀԱԿ խմբակցության ղեկավարը`բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, Սերժ Սարգսյանից սկսած, մեծահարուստներ անվանեց:
Լեւոն Զուրաբյանը հիշատակեց, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ժամանակին հայտնի «մազութի գործով» դիմել էր փախուստի, սակայն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց: Նաեւ, որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի թեթև ձեռքով աղավաղվեց Երևանի ճարտարապետական ժառանգությունը, ոչնչացվեցին կանաչ տարածքները, քաղաքաշինական նորմերի խախտումով կառուցապատվեց Երևանի կենտրոնը, իսկ հարյուր հազարավոր մարդիկ ունեզրկվել են:
Իսկ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն, ըստ Լևոն Զուրաբյանի, մի մարդ է, որը պաշտոնական հայտարարագրերով միլիոններ ունի, դատական համակարգի կոռուպցիոն բուրգի գլխին էր կանգնած, քաղբանտարկյալների դեմ գործեր էր սարքում:
Լեւոն Զուրաբյանի այս շարքը շարունակելի է: «Կառավարությունում հայտնի են չորս նախարարներ, ովքեր հայտնի չեն որպես գործարար»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»ի