Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի համար հանրաքվե անել եւ ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին վերացնել

Մայիս 22,2014 16:41

«Ես անձերի ցուցակ չէի կազմի, քաղաքական կառույցների ցուցակ կկազմեի:

Քաղաքական պատասխանատուն ԱԺ մեծամասնությունն էր՝ կոալիցիան, այսինքն՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը: Նրանք քաղաքական հենարանն են հանդիսացել, որ Մարտի 1 տեղի ունենա: Անձերի հետեւից ընկնենք, մենք հարց չենք լուծի: Պետք է քաղաքական պատասխանատվության մասին խոսենք: Նրանց ստեղծած կոալիցիոն կառավարությունն է պատասխանատուն, նաեւ այդ պահին գործող նախագահը: Կարելի է հասնել անձերի, բայց խնդիրը անձը չի»,- Aravot.am-ի հետ զրույցում նախկին ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսպես պատասխանեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի նախաձեռնությանը՝ համալրելու Մարտի 1-ի մեղավորների ցուցակը:

Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ պատրաստվում է հնչեցնել Մարտի 1-ի հանցագործությանը մասնակից պաշտոնատար անձանց անուններ: Մասնավորապես, Սաքունցը նշել էր Սուրիկ Խաչատրյանի, Ռուբեն Հայրապետյանի, Հովիկ Աբրահամյանի, Հարություն Փամբուկյանի, Մնացական Մնացականյանի, Միքայել Հարությունյանի անունները եւ նշել, որ գործում պետք է ներգրավվեն նաեւ մարզպետները:

Սոս Գիմիշյանի դիտարկմամբ՝ «Ի՞նչ են արել մարզպետները, ի՞նչ մասնակցություն են ունեցել՝ քվեարկե՞լ են, որոշո՞ւմ են ընդունել: Իհարկե, կարելի է գալ նրան, որ որոշ անհատներ՝ իրենց բաշիբոզուկներով, հանցագործ խմբերով մասնակցել են: Դա քրեորեն պատժելի է: Դա քաղաքական պատասխանատվություն չի: Ինձ համար կարեւորը քաղաքական պատասխանատվությունն է, ոչ թե անձերի քրեական պատասխանատվությունը: Հա, կրակել է՝ պիտի նստի, բայց այդպես կրակողներ շատ կան:

Հիմա Մարտի 1-ին է կրակել, թե ապրիլի 20-ին՝ նշանակություն չունի, կարեւորը՝ քաղաքական հետեւանք լինի: Օրինակ, ես հանրաքվե կանեի, կասեի ժողովուրդ, այ էս 4 կուսակցությունները որոշում են ընդունել ու ձեր վրա կրակել են: Այս 4 կուսակցություններն իրավունք ունե՞ն որպես քաղաքական կառույց գոյություն ունենալ: Հանրաքվեով ժողովուրդը կորոշեր՝ այո, թույլ ենք տալիս շարունակեն գործել, կամ ոչ՝ համարում ենք հանցագործ եւ պետք է վերացվեն՝ որպես քաղաքական կառույցներ: Դրանից հետո մանդատները վայր կդնեն կամ չեն դնի՝ դա տասներորդական խնդիր է: Հաջորդ կուսակցությունները, որոնք իշխանություն կունենան, այդպիսի որոշում ընդունելուց, որը պիտի բերի, կարող է բերել արյունահեղության, իրենք մտածեն: Թե չէ արեցին՝ մարսեցին: Հիմա եկել անձեր ենք բռնում: Ով կբարձրացնի անձերի խնդիր, նա քաղաքական պատասխանատվության դեմ է, ուրեմն նա ուրիշ խնդիր է լուծում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031