Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նախագահն ասաց ու ոչինչ չփոխվեց, ես էլ եմ մտածում` եթե վարչապետն ասաց` ի՞նչ կփոխվի» (Տեսանյութ)

Մայիս 22,2014 16:33

ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը հին ու նոր կառավարությունների ծրագրերում տարբերություն չի տեսնում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանն, ինչպես ինքն ասաց` համակողմանիորեն եւ հետեւողականորեն նայել է նոր կառավարության ծրագիրը: Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում պարոն Բոստանջյանն ասաց, որ կարելի է մի պրոֆեսիոնալի խնդրել, ցանկալի է ոչ հայի, եւ մի լավ ծրագիր գրել. «Բայց ծրագիրը չէ կարեւորը, կարեւորը քաղաքական, պետական եւ իշխանական կամքն է` քո երկրում լավ հարաբերություններ ստեղծելու համար»:

Aravot.am-ը պարոն Բոստանջյանից հետաքրքրվեց`ի՞նչ տարբերություն կա հին եւ նոր կառավարության ծրագրերի միջեւ, հատկապես, որ նոր ծրագրում ներառվել են ՀՀԿ-ի, եւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, որոնք նաեւ նախորդի ծրագրում կային: «Ոչ մի տարբերություն չկա, այս ծրագիրը համահարթեցված սկզբունքով է գրված` բոլոր բարի ցանկությունների, որոնք կարելի է ասել, որեւէ հավաքույթի ժամանակ: Ամենակարեւորը դրանց իրականացման մեխանիզմներն են, մասնավորապես, իշխող կուսակցությունը եւ իշխանությունները մի քանի անգամ հայտնել են, որ շարունակվելու է այն կուրսն, ինչ եղել է: Զարմանում եմ` ի՞նչն եք շարունակելու: Ծրագրում կա տնտեսության 5%-անոց աճի նպատակ, իհարկե, որոշակի տեղերում գրում են` եթե իհարկե արտաքին ռիսկեր չլինեն. կարելի է կարծել մեր երկրում ամեն ինչ կարգին է, բոլոր դժբախտությունները գալիս են արտաքին ռիսկերից»:
Մեր այն հարցին էլ` այսինքն` ընդամենը անձերի փոփոխության խնդի՞ր էր, պարոն ԲՀԿ անդամն ասաց` «Ես չեմ ուզում ձեզ հետ վիճել, նույնիսկ կարող եմ համաձայնվել` եթե ոչինչ չի փոխվելու, ինչ տարբերություն»:

Պարոն Բոստանջյանին հիշեցրինք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ, երբ առաջին քայլերն էր անում որպես երկրի նախագահ, ստվերի դեմ պայքարի մասին եւս խոսել էր, անցան տարիներ…մոտ 1 տարի առաջ էլ կոռուպցիայի դեմ պայքարի խստացման մասին խոսեց, ասաց` «Գլխից է պետք բռնել»: Հայաստանի տնտեսությունում պաշտոնական տվյալներով ստվերը չի կրճատվել: Հիմա էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է գործարարների եւ պաշտոնյաների հետ հանդիպում ու ստվերը կրճատելու մասին խոսում: Այսինքն` այն ինչ չհաջողվեց ՀՀ նախագահին, կհաջողվի՞ վարչապետին, Aravot.am-ի այս դիտարկումներին էլ՝ ԲՀԿ ներկայացուցիչն ասաց. «Եթե նախագահն ասաց ու ոչինչ չփոխվեց, ես էլ եմ մտածում` եթե վարչապետն ասաց` ի՞նչ կփոխվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031