Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Պարոն վարչապետ, ինչքան քիչ ականջալուր լինեք քծնանքին եւ դատարկ գովաբանությանը, այնքան իրատեսական քայլերի շանս կունենանք»

Մայիս 22,2014 16:16

Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ

Հարգելի գործընկերներ,

Ի սկզբանե նշեմ, որ Բարգավաճ Հայաստանը երբեւէ չի առաջնորդվել եւ չի առաջնորդվելու ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով։ Եվ չգիտեմ էլ դահլիճում նման քաղաքական ուժ կամ ուժեր կան՞, թե՝ ոչ։ Կապրենք՝ կտեսնենք։ Մեզ համար կա մեկ հստակ կոդ՝ տնտեսությունը չի լինում իշխանամետ, կամ ընդդիմադիր։ Սա է մեր բանաձեւը. Որովհետեւ եթե տնտեսությունը փլուզվեց, ինչը բարեհաջող արեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը, բոլորի համար է վատ եւ առաջին հերթին ժողովրդի։ Եվ երբ մենք ասում ենք, որ պետք է հստակ գնահատական տալ նախորդ կառավարության գործունեությանը, նպատակը մեկն է՝ որպեսզի կարողանանք ճիշտ ախտորոշում դնել։ Տիգրան Սարգսյանը լուծեց հերոստրատյան իր խնդիրը. պատմության մեջ մնալ որպես Հայաստանի տնտեսության կործանիչ։ Եվ դա նրան հաջողվեց։ Մենք վհուկների որսի կոչ չենք անում, բայց եթե դու չես գնահատում եւ չես ասում, թե նախորդ կառավարության ինչ ռազմավարական խայտառակ սխալ քայլեր եւ կոռուպցիոն սկանդալներ հանգեցրեցին ներկա տնտեսական կոլապսին, մենք չենք կարող ճիշտ ելքերը մատնանշել։

Գովեստի կենացները, որ երեկ ու այսօր հնչեցին այս դահլիճում, հնչել են նաեւ նախորդ կառավարության ներկայացրած բոլոր ծրագրերի ժամանակ։ Հնչել են նույն մարդկանց կողմից, դեմքի նույն արտահայտությամբ։ Հնչել են ծրագրերի օգտին, որոնք փառահեղորեն տապալվել են։ Ուստի, պարոն վարչապետ, ինչքան քիչ ականջալուր լինեք քծնանքին եւ դատարկ գովաբանությանը, այնքան իրատեսական քայլերի շանս կունենանք։

Եվ այսպես՝ կա խնդիրների մի մեծ խումբ եւ հասարակությունը պահանջում է այդ խնդիրների հրատապ լուծում՝
1. պարտադիր կուտակային. ես արդեն նշեցի, որ պարտադիր, բայց ոչ պարտադրված կոդը որեւէ մեկին հասկանալի չէ. հարյուր հազարավոր մարդիկ այս հարցի պարզ ու հասկանալի լուծմանն են սպասում։ Նրանք չեն ուզում պարտադիր վճար։
2. Կարմիր գծեր. խոսենք պարզ. քաղաքացին չի ուզում զրո ծառայության դիմաց մասնավորին տալ նալոգ։
3. Արագաչափեր՝ տուգանքները անհամաչափ են քաղաքացու աշխատավարձին։ Արագաչափի նպատակը ոչ թե թալանը պիտի լինի, ինչը այսօր է, այլ երթեւեկի կարգավորումը։
4. Բանկի տոկոսներ. հայ ժողովուրդը պատմության մեջ երեւի թե մնալու է որպես տոկոսի տակ մտած ազգ։ Անտրամաբանական տոկոսներ եւ կոռուպցիայի ու թալանի ակնհայտ մեխանիզմ։ Որպես շարունակություն, բայց առանձին դրույթ՝ բնական աղետից կամ այլ պատճառով սնանկացած գյուղացիություն, ովքեր դնում են համընդհանուր պահանջ՝ սառեցնել բանկային անտրամաբանական տոկոսները։
Եվս մեկ խնդիր՝ թեեւ այս մասին հիմնականում հրապարակային չի խոսվում, սակայն բազմաթիվ գործարարներ ունեն հասկանալի եւ փորձով ապացուցված մտավախություն. որ մի օր կզարթնեն ու կպարզվի, որ ինչ որ մեկը, կամ ոմանք, իրենց բիզնեսում այլեւս «փայ» են։

Կարեւոր մի մտահոգություն եւս. երկրի արտաքին պարտքը աճում է, մարդկանց բարեկեցությունը, դրան զուգահեռ, նվազում։ «Բարգավաճ Հայաստանն» ինչքան փորձեց այս տարիների ընթացքում հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ են վարկեր վերցվում, ի՞նչի վրա են ծախսվում եւ ո՞ւր են գնում այդ վարկերը, այդպես էլ չստացվեց։ Չստացվեց, որովհետեւ հասկանալի է մեկ բան՝ աշխատել են խիստ անհասկանալի, կամ երեւի թե խիստ հասկանալի սխեմաներ։

Այս ցանկը, բնականաբար, կարելի է շարունակել։

Հիմա մեր դիրքորոշման մասին։ Մենք արձանագրում ենք, որ երկրում առկա են շատ ավելի լուրջ հարցեր եւ շատ ավելի լուրջ մարտահրավերներ ու շատ ավելի մեծ սրությամբ, քան արձանագրված է կառավարության այս ծրագրում։

Մենք մշտապես ասել ենք ու ես հիմա կրկնում եմ՝ քանի դեռ մեր երկրում կա մեկ քաղաքական ուժի մենաշնորհ, մենք մշտապես կանգնելու ենք փակուղու առջեւ։ Այդ քաղաքական մենաշնորհը, ամեն գնով վերարտադրվելու իշխանության մղումն էր, որ երեկ, այս դահլիճում մեծամասնությունը դեմ քվեարկեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծը։ Ու այդպես լինելու է միշտ։

«Բարգավաճ Հայաստանը» քննարկել է ներկայացված ծրագրի հանդեպ դիրքորոշման հարցը, քննարկել ենք նաեւ քառյակի մեր գործընկերների հետ, եւ «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031