Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունն էր կրում Վիրահայոց թեմի երիտասարդության և սպորտի հարցերի բաժնի նախաձեռնությամբ , «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վրաստանի շախմատի դաշնության գործընկերությամբ կազմակերպված շախմատի գծով գավաթի մրցաշարը: Երիտասարդական բաժնի ղեկավար Վալերի Բադալյանի, կենտրոնի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի խմբակի ուսուցիչ Գիորգի Բաղաթուրովի և բաժնի մյուս աշխատակիցների նախապատրաստական հստակ աշխատանքից հետո, մայիսի 20-21-ին Գալուստ Գյուլբենկյան դահլիճում մեկնարկեց մրցաշարը, որին մասնակցում էին քաղաքի տարբեր դպրոցների, Թբիլիսիի սովորող երիտասարդության պալատի, Վանո Ջավախիշվիլու անվան պետհամալսրանի և «Հայարտուն» կենտրոնի տարբեր հասակի շախմատասեր երիտասարդներ: Հայտ էր ներկայացրել 18 մասնակից:
Ողջունելով մասնակիցներին, Վրաստանի շախմատի դաշնության փոխնախագահ Զուրաբ Միքաձեն իր խոնարհումը բերեց թբիլիսեցի, աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին, նշեց որ Վրաստանում նրա հիշատակին մրցույթ անց է կացվել, բայց գավաթի խաղարկություն տեղի չի ունեցել: Փոխնախագահը բարձր գնահատեց «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությունը՝ Տիգրան Պետրոսյանի անվան գավաթի մրցաշար անցկացնել մասին:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ
Եկեղեցու Վիրահայոց Թեմ