«Ես չեմ ներկայացնի ձեզ Մոսկվայի կոմունալ բնակարանում իմ սենյակը, որն ինձ բաժին է հասել հորեղբորիցս: Նա կտակել է, և այնտեղ մինչև հիմա ապրում է հորեղբորս կինը: Դա հին պատմություն է: Ես կարծում եմ, որ ձեզ նաև չի հետաքրքրի իմ տատիկիս կիսավարտ տունը, որը տատիկս ձեռք է բերել 70-ական թվականներին, իսկ ինձ որպես կտակ հասել է մինչև քաղաքականությամբ զբաղվելը: Երևի ձեզ չի հետաքրքրում այն սենյակը, որտեղ ես ապրել եմ 8 տարեկանից սկսած, որը հանդիսանում է իմ սեփականությունը, չի հետաքրքրի 800 քմ հողատարածքը Դիլիջանում, որը բաց աճուրդով ձեռք եմ բերել երեք տարի առաջ: Կարծում եմ՝ ամենաշատը ձեզ կարող է հետաքրքրել երկու տարածք, այն տունը, որտեղ ես եմ ապրում և այն բնակարանը, որտեղ ես տեղափոխվեցի նախարար եղած ժամանակ»,- այսօր լրագրողների հետ զրույցում` որտեղի՞ց Ձեզ այդքան ունեցվածք, հարցին պատասխանելով, ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա ասաց, որ հայտարարագրել է իր ողջ ունեցվածքը, քանի որ վստահ է՝ ոչ մի խնդիր չկա:
Դավիթ Հարությունյանն ասաց` շատերը կհիշեն իր հորն ու Թումանյան փողոցում գտնվող նրա բնակարանը եւ հավելեց. «Նախարարության տարիների ընթացքում, հորս մահից հետո, մենք որոշեցինք, որ կվաճառենք այդ բնակարանը և դրա փոխարեն կգնենք ինձ համար բնակարան: Ճիշտ է, շենքը հին շենք էր, այնուամենայնիվ, մենք վաճառեցինք, դրա փոխարեն գնեցինք բնակարան, ապրեցինք այնտեղ: Իսկ այն տունը, որտեղ ես հիմա եմ ապրում, Դավթաշենում է: Այդ հողատարածքը գնել եմ շատ ավելի վաղ, դեռևս մինչև նախարար դառնալը և դարձյալ գնել եմ աճուրդով, չնչին գումարներով, որովհետև այդ տարածքը համարվում էր ամենաանհետաքրքիր տարածքներից մեկը: Ես դա գնել եմ իմ երեք ընկերների հետ միասին, այսինքն՝ մի հարևանս մի ընկերն է, մեկ այլ հարևանս մեկ այլ ընկերն է»:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքը բիզնեսներ չունի: Հիշեցնենք, նախօրեին այդ մասին եւս խոսել էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Ինչ վերաբերում է «Էյր Արմենիա» ընկերությանը, իսկապես նման ընկերություն գոյություն ունի, մասնավոր ընկերություն է, որի սեփականատերերից մեկն իմ եղբայրն է: Ընկերության հետ ես անձամբ որևէ առնչություն չունեմ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Ասաց նաեւ, որ Հյուսիսային պողոտայում որևէ սեփականություն չունի, չի էլ ունեցել:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ իր կապի մասին հարցին էլ պատասխանեց. «Ընդհանրապես Զանգեզուրում եղել եմ մանկությանս տարիներին մեկ անգամ, պղնձամոլիբդենային կոմբինատի էդ գործարքներին մասնակցել եմ ընդամենը որպես կառավարության անդամ, երբ կոմբինատում թույլտվություններ էին տրվում և այլն: Որևէ մասնակցություն, որևէ գործարք՝ լինի դա պայմանագրային, ծառայությունների մատուցման, որևէ փոխկապակցված անձի միջոցով, չունեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ