Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԵՄ պատվիրակության առաջնային նպատակն է, որ մինչև 2015թ. սովից տառապող մարդկանց թիվը կրկնակի կրճատվի

Մայիս 22,2014 15:12

Կլոր սեղան-քննարկում. «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով»

Մայիսի 22-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական շաբաթի շրջանակներում կազմակերպեց «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների ու մանր ֆերմերական արտադրության միջոցով» թեմայով կլոր սեղան-քննարկում:

Քննարկումը բացեց Օքսֆամ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտ Հակոբյանը: Նա, ընդհանուր առմամբ, ներկայացրեց կազմակերպությունը, իրենց նպատակներն ու ձգտումները:

Անդրադառնալով ծրագրի էությանը՝ Հակոբյանը նշեց, որ ամբողջ աշխարհում ռեսուրսների նվազման ու բնակչության աճի հետևանքով աճում է տեղական պարենային ապրանքների կարևորությունը: Գյուղատնտեսության այս ոլորտի խթանման հարցում, ըստ Մարգարիտ Հակոբյանի, կարևորագույն տեղն են գրավում Հայաստանի տարբեր շրջանների ավելի քան 50 000 մանր ֆերմերները: Վերջիններիս աշխատանքային պայմանները բարելավելու համար ձեռնարկվում են տարբեր միջոցներ: Վերջին տարիների ընթացքում Օքսֆամը ստեղծել է 18 կոոպերատիվներ, որոնցից 5 ղեկավարում են կանայք:

Մարգարիտ Հակոբյանն այնուհետև նշեց ծրագրի կարևոր գործընկերներին, որոնցից են Գյուղատնտեսական դաշինքը՝ հիմնադրված 2011 թ.: Այսօր այն ունի արդեն 15-16 շահագրգռված անդամ կազմակերպություններ։ Մարգարիտ Հակոբյանը հույս հայտնեց, որ ձեռնարկած բոլոր միջոցները ի վերջո կնպաստեն Հայաստանում տեղական արտադրության զարգացմանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը հավաքվածներին վստահեցրեց, որ Եվրոպական միությունը ցանկանում է օգնել հայ ժողովրդին: Նա պատմեց, որ 2008 թ. եվրոպական երկրներում պարենային մթերքի գները զգալի աճ գրանցեցին, ինչի հետևանքով տեղական արտադրության նշանակությունը դարձավ կենսական: Հենց այս ուսումնասիրությունները հետագայում հիմք հանդիսացան այս ծրագրի համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը հանդես եկավ ներածական խոսքով՝ նշելով մի շարք հիմնախնդիրներ, որ ՀՀ կառավարությունն ունի իր օրակարգում: Ըստ նրա՝ առանցքային խնդիրներից մեկը մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործումն է. այս հարցը լուծելու նպատակով տրամադրվում է մասնագիտական մակարդակի կրթություն, ինչպես նաև կազմակերպվում են կարճաժամկետ դասընթացներ մասնագետների համար։

Երրորդ առանցքային խնդիրը, ըստ փոխնախարարի, օրենսդրական դաշտի ու գյուղատնտեսության ոլորտում համապատասխան կառույցների հիմնումն է։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է ստեղծի պայմաններ ֆերմերների պատշաճ աշխատանքի համար։

«Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» քառամյա ծրագիրն իրականացվում է Օքսֆամի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ: Ծրագրի բյուջեն կազմում է 596,460 եվրո: Հայաստանում ԵՄ պատվիրակության առաջնային նպատակն է, որ մինչև 2015թ. սովից տառապող մարդկանց թիվը կրկնակի կրճատվի:

Մարալ Հարությունյան

«Փաբլիսիս Հեպտա» ընկերության մեդիա բաժնի պատասխանատու

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031