Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք». սահմանադրական «բարեփոխում» ասածի նպատակը մեկն է՝ վերարտադրել իշխող կլանը

Մայիս 22,2014 15:06

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի
հայտարարությունը

Հայաստանի երրորդ Հանրապետության ծնունդը հետևանք էր Խորհրդային կայսրության փլուզման, բայց այն չէր կարող կայանալ այսօրվա սահմաններով` ներառյալ Արցախի, եթե չլիներ հզոր համաժողովրդական շարժումը` Ղարաբաղ կոմիտեի ղեկավարությամբ:

1998թ.-ին վարչապետի և ուժային կառույցների մասնակցությամբ իրականացվեց պետական հեղաշրջում. արդյունքում, շրջանցելով սահմանադրությունը, ընտրությունները կեղծելով` Քոչարյանին հռչակեցին Հանրապետության նախագահ:

Քոչարյանը դարձավ քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորման ճարտարապետը:
Քոչարյանը այդ համակարգի կայացման համար ոչնչի առաջ կանգ չառավ` օգտվելով Ստալինյան հայտնի բանաձևերից` չկա մարդ` չկա խնդիր, կամ կա մարդ` քրեական հոդվածը կգտնվի, և այդ գործելաոճով նրա իշխանավարման ժամանակահատվածը ուղեկցվեց երկու տասնյակից ավել պետական ու քաղաքական գործիչների առեղծվածային մահով, հոկտեմբերի 27-ով, մարտի 1-ի սպանդով:

Ռ.Քոչարյանի և Ս. Սարգսյանի կողմից հիմնադրվեց ավանդույթ, այն է` յուրաքանչյուր համապետական ընտրությունների ընթացքում Ղարաբաղից Հայաստան տեղափոխել հատուկ պատրաստված ուժային կազմավորումներ, որոնք հայաստանյան օլիգարխների, սափրագլուխների բանդաների հետ համատեղ ճնշում են համաժողովրդական ընդվզումը, ինչը վերջին տարիներին հայության երկու հատվածի միջև առաջացրել է սառնություն, որն էլ ավելի խորացավ Ռ.Քոչարյանի 2013թ. հայտարարությամբ, ըստ որի երկու ղարաբաղցի իրար դեմ չեն պայքարում:

Նման գործելաոճով 2008թ. մարտի 1-ին 10 զոհերի, հարյուրավոր վիրավորների, հարյուրից ավել քաղաքական բանտարկյալների ու հազարավոր հալածյալների գնով՝ Քոչարյանը իշխանությունը փոխանցեց Ս.Սարգսյանին: Ինչը իրականություն չէր դառնա, եթե ընդդիմությունը ականջալուր լիներ հասարակության ձայնին, վճռական քայլ կատարեր և իշխանությունը վերադարձներ իր տիրոջը՝ ժողովրդին:

Վերջին քաղաքական զարգացումները՝ սկսված սահմանադրական «բարեփոխումների» նախաձեռնողների հայտարարությունները՝ մասնավորապես Ս. Սարգսյանի, որ դեմ է Խորհրդարանական համակարգին, իսկ Ռ.Քոչարյանը ժամանակավրեպ է համարում, քանի որ չկա հասարակական պահանջարկ, փորձում են թյուրիմացության մեջ գցել հասարակությանը:

Այսպիսով` սահմանադրական «բարեփոխում» ասածի նպատակը մեկն է՝ վերարտադրել իշխող կլանը:

Այդ նպատակին է ծառայում Ս.Սարգսյանի և Ռ.Քոչարյանի անձնական օգտագործման և նեղ խմբակային շահերին սպասարկող կուսակցությունները ընդդիմադիր դաշտ մղելու գործընթացը, իսկ իրենց կողմից չվերահսկվող ուժերին՝ իրական ընդդիմությանը, լուսանցք մղելու փորձերը: Այդ նպատակի համար օգտագործում են գրեթե ամբողջովին իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-երը՝ իրականացնելով քարոզչություն գեբելսյան մեթոդաբանությամբ:

Այս ամենի արդյունքում շարունակական արտագաղթի հետևանքով դատարկվում է երկիրը, փոխվում է (պարտադրված) ժողովրդի հոգեկերթվածքը, և երկրում տիրապետող է դարձել հուսահատության ու անտարբերության մթնոլորտը, ինչը հասել է մի սահմանի, որը այլևս վտանգում մեր պետականության գոյությունը:

Ստեղծված վիճակից դուրս գալու ելքը` անել ամեն ինչ ժողովրդին գործոն դարձնելու, օր առաջ ձևավորելու հզոր համաժողովրդական շարժում` ունենալով քաղաքական օրակարգ` ցանկացած գնով իշխանությունը հանձնել ժողովրդին և պետությանը վերադարձվի ժողովրդից թալանվածը, պատասխանատվության ենթարկելով այս վիճակի համար պատասխանատու յուրաքանչյուրին:

 

«Ժողովրդավարական Հայրենիք»
կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031