ԱՄՆ-ը ընդունել է, որ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռուսական զորքը սկսել է տեղաշարժվել, հայտնում է «Բի Բի Սի»-ի ուկրաինական ծառայությունը:
«Մենք սահմանի մոտ ինչ-որ ակտիվության նշաններ ենք տեսնում, սակայն դեռ վաղ է ասել, թե արդյոք այդ ակտիվությունը կապված է սահմանի մոտից զորքերը հետ քաշելու հետ: Եթե այդ տեղաշարժն իրոք հետ կանչելու համար է արվում, ապա մենք ողջունում ենք դա», – ասել է Սպիտակ Տան խոսնակ Ջեյ Կարնին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ին հրահանգել էր Ուկրաինայի սահմանի մոտ զորավարժություններ անցկացնող ռուսական զորքը բերել մշտական տեղակայման վայր:
ՆԱՏՕ-ից մի քանի անգամ հայտնել էին, որ ռուսական զորքի տեղաշարժ նրանք չեն նկատում: Մայիսի 21-ին Պուտինը ևս մեկ անգամ նշեց, որ զորքը դուրս է բերվում սահմանի մոտից՝ կապված Ուկրաինայի նախագահի ընտրությունների հետ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ