«Այս կառավարությանը ցանկացած այլ բանի մեջ կարող ենք մեղադրել, բայց որևէ մեկը չի կարող մեղադրել, որ նրանք էս գործը, ծրագիրը կարող են չկատարել»,- այսօր խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ, նման հայտարարություն արեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը: Կառավարության գործունեության ծրագիրն Այվազյանը քաղաքական փաստաթուղթ է համարում:
Վարդան Այվազյանը կարծում է, որ կառավարությունն այժմ ներկայացրել է իր տեսլականը, թե ինչպես այն կիրագործի`ժամանակը ցույց կտա.«Առաջին անգամ կառավարությունն արձանագրում է կարևոր մի դրույթ, որ իր գերխնդիրը հանդիսանում է ՀՀ քաղաքացին, մնացած գործառույթները միայն քաղաքացու բարեկեցությունն ապահովելու գործընթացն են: Պարոն վարչապետն այստեղ ասաց՝ փոքր և միջին բիզնեսը մեզ համար հարկատու չէ, սոցիալական խնդիր լուծող է, և մենք պատրաստ ենք այդ փոքր ու միջին բիզնեսին հարկային արտոնություն տալու: Ցավոք սրտի կան մարդիկ, որոնք միայն սևացնելու առանձնահատկություն ունեն: Մարդն ասում ա՝ սկսում եմ մեզանից, քաղաքական կամք ե՞ք ուզում`սա է: Ինչի որևէ մեկը կասկածո՞ւմ է»,- ասաց Վարդան Այվազյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ